Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը դատարանում ապացուցելու է իր անմեղությունը: Այդ մասին ՃՈ նախկին պետը հայտարարել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 19-ին կայացած նիստի ավարտին:
«Դեռ մինչեւ հիմա որեւէ վկա իմ դեմ չի խոսել, ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Մարգար Օհանյանը` խոստանալով առաջիկայում հանդես գալ աղմկոտ հայտարարություններով:
Այսօր կայացած նիստում ցուցմունք են տվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանը եւ 2-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը, որոնք պնդել են, թե կեղծիքներն արվել են ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի հանձնարարականով:
Նրանց հարցաքննությունից հետո դատավոր Մխիթար Պապոյանը նիստը հետաձգել է մինչեւ հունվարի 27-ը:
Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:




























