Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, Մաշտոցի պողոտայի «Փակ-շուկա»-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել են: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով`  իրենց մասնագետները եղել են այդտեղ եւ զեկուցել են, որ ստորգետնյա աշխատանքերի հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասին այս պահի դրությամբ առայժմ խոսք չկա, քանի որ դեռեւս չկա որեւէ նախագիծ: «Այս պահին նախարարությանը դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռեւս որեւէ այլ ծրագիր չկա, իսկ երբ լինեն վերակառուցման ծրագրեր, ապա ընթացակարգով, օրենքով համապատասխան աշխատանքներ կիրականացվեն»,- նշեց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։ Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները: Նշենք, որ Փակ շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն  է։ Այն  անցած դարի 50-ականներին ճանաչվել էր որպես Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը։