Երեւանում` 2012 թ. մարտի 18-ին, հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Ազգային կինոյի մրցանկաբաշխություն: Արդեն պատրաստ է մրցանակաբաշխության լավագույններին շնորհվող պատվավոր արձանիկը:

Երկու ձեռքերի ցուցամատերի եւ բթամատերի միացությունը պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատված եւ ոսկեջրված: Երկու ձեռքերի այս միացությունը երկար ժամանակ կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն ռուսերենում կոչվում է «Визир», իսկ հայերենում` հայակ, ըստ այդմ էլ, մրցանակը անվանվեց «ՀԱՅԱԿ»:

Նշենք, որ արձանի հեղինակն Իզաբելլա Ներսիսյանը ոչ ճարտարապետ է, ոչ դիզայներ, ոչ քանդակագործ եւ ոչ էլ նկարչուհի: Նա դերասանուհի է: Բայց, նախապես հայտարարված մրցանակի մրցույթին ներկայացված բազմաթիվ նախագծերից հենց նրա աշխատանքը հավանության արժանացավ խորհրդի եւ ժյուրիի կողմից:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրանքը: Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը մասնակցում են միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաեւ արտերկրում հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:

Ընդհանուր առմամաբ, մրցանակաբաշխությանը ներկայացվել է 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22` կարճամետրաժ, 10` անիմացիոն եւ 32` վավերագրական:

Մրցանակաբաշխության`կինոյի եւ մշակույթի անվանի գործիչներից կազմված ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում, յուրաքանչյուր անվանակարգի համար, ժյուրիի կողմից կընտրվեն 2-3 ֆիլմեր: Երկրորդ փուլում կորոշվեն մրցանակակիրները: Ազգային կինոյի մրցանակաբաշխության մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ: Նշյալ անվանակարգերից յուրաքանչյուրի համար համատասխանաբար ներկայացված են` 19, 18, 14, 20, 9, 18, 10, 20, 18, 31, 10, 11-ական ֆիլմերի հայտեր: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվի նաեւ չորս հատուկ մրցանակ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաեւ արտերկրում հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:

Մրցանակաբաշխության ժյուրին կազմված է 11 անդամից: Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ եւ դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունք ունի: Կանոնակարգի համաձայն` եթե ժյուրիի որեւէ անդամ մասնակցություն է ունեցել մրցույթին ներկայացված ֆիլմերից որեւէ մեկի ստեղծմանը, ապա իրավունք չունի քվեարկելու տվյալ անվանակարգի համար: Բոլոր մրցանակակիրները կստանան մրցանակ եւ դիպլոմ:

Առաջիկայում կգործի նաեւ մրցանակաբաշխության վեբ-կայքը` www.hayak.am էլ. հասցեով:

Մրցանակաբաշխության ժյուրիի նախագահը Սոս Սարգսյանն է, անդամներն են`

Լեւոն Աոյանց` կինոօպերատոր

Կարինե Խոդիկյան` դրամատուրգ

Զավեն Բոյաջյան` կինոգետ

Գայանե Մարտիրոսյան` մուլտիպլիկատոր

Ռուբեն Հովսեփյան` գրող, թարգմանիչ

Նարեկ Թովմասյան` արվեստաբան

Սուրեն Հասմիկյան` կինոգետ

Հովիկ Հախվերդյան` ռեժիսոր

Ռոբերտ Ամիրխանյան` կոմպոզիտոր

Ռազմիկ Դավոյան` բանաստեղծ