Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը բեկումնային առաջընթաց չեղավ, որովհետեւ Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ ապակառուցողական քաղաքականություն է իրականացնում: Այս մասին այսօր` հունվարի 24-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը համահունչ է հայկական կողմերի` Հայաստանի ու Արցախի դիրքորոշմանը:
«Հայկական կողմերը մշտապես խոսել են խնդրի խաղաղ կարգավորման տեսանկյունից: Իսկ Ադրբեջանը վերջերս իր նախագահի շուրթերով ասաց, որ խնդիրն ունի երկու լուծում` ռազմական կամ խաղաղ: Մենք տեսանք, որ ամրապնդվեց այն փաստը, որ խնդիրը ունի բացառապես խաղաղ լուծում»,- հիշեցրեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը նաեւ նկատեց, որ Ադրբեջանն ընտրվելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ցանկանում էր արցախյան հիմնախնդիրը տեղափոխել այլ հարթակներ, այդ թվում նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: «Բայց փաստաթղթում հստակ նշվեց, որին ստորագրությամբ միացավ նաեւ Ադրբեջանը, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, նորմալ հարաբերություններ եւ հայ հասարակությանը չի պատրաստում պատերազմի, թեեւ երկիրը պատրաստ է նաեւ պատերազմի:
«Ադրբեջանը ռասիզմի քաղաքականություն է քարոզում, հետեւաբար ընդունված փաստաթուղթը եւս հստակ ապտակ էր ուղղված Ադրբեջանին: Ամփոփելով ասեմ, որ սա այն փաստաթուղթը չէր, որը կարող էր բեկումնային առաջընթացի բերել: Իսկ բեկումնային առաջընթաց չեղավ, որովհետեւ Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրականացնում է ապակառուցողական քաղաքականություն: Սակայն հուսով եմ, որ պրեսինգը կլինի այնքան, որ Ադրբեջանի խոսքն ու գործը իրարից չեն տարբերվի»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:




























