Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան  տիկին Քեթրին Ջեյն Լիչին եւ քննարկել մեր երկրում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող կրթական ծրագրերը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Աշոտյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ հույս հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունները   կրթության ոլորտում նոր որակ կստանան, ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: 

Ներկայացնելով մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանը 2012-15-թթ ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը եւ միաժամանակ առաջարկել Բրիտանական խորհրդին ակտիվ մասնակցություն ունենալ այս աշխատանքներում:

ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է նաեւ երկկողմ համագործակցության նոր ծրագրերի մշակումը՝ ավագ դպրոցներում անգլերենի խորացված ուսուցման նպատակով:

Դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ բրիտանական կողմը պատրաստակամ է շարունակել իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ քննարկել համատեղ նոր նախագծերի իրականացման հետ կապված հարցերը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ հանրակրթական դպրոցներն ակտիվորեն մասնակցում են Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված Չ. Դիքենսի 200-ամյակին նվիրված միջոցառումներին, մասնավորապես «Ինչ կգրեր այսօր Դիքենսը» թեմայով շարադրությունների մրցույթին:

Կողմերը քննարկել են նաեւ անգլերենի ուսուցիչների կարողությունների ու հմտությունների զարգացման եւ այլ խնդիրների վերաբերյալ հարցեր: