Փարիզի Լուվրի թանգարանը մինչև 2026 թվականի վերջը 100 արտաքին տեսահսկման տեսախցիկ կտեղադրի՝ անցյալ ամիս տեղի ունեցած լայնածավալ կողոպուտից հետո անվտանգությունն ուժեղացնելու միջոցառումների շրջանակներում, չորեքշաբթի օրը հայտնել է դրա տնօրեն Լորան Դե Քարսը, փոխանցում է Reuters-ը։

Դե Կարսը նաև Ազգային ժողովի լսումներին ժամանակ ասել է, որ Փարիզի ոստիկանության հետ կապերը կամրապնդվեն «Լուվրի տարածքում ժամանակակից ոստիկանական բաժանմունք» ստեղծելու միջոցով։

Հոկտեմբերի 19-ին ցերեկը տեղի ունեցած կողոպուտը, որի ժամանակ չորս գողեր գողացել էին 102 միլիոն դոլարի զարդեր, կասկածներ է հարուցել աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանի՝ որպես անթիվ արվեստի գործերի պահապանի հեղինակության վերաբերյալ: Չնայած քննիչները մեղադրանք են առաջադրել գողության հետ կապված չորս կասկածյալի դեմ, գանձերը դեռևս չեն հայտնաբերվել: Պաշտոնյաները խոստովանել են, որ թանգարանի արտաքին պատերը բավարար չափով հագեցած չեն եղել անվտանգության տեսախցիկներով, իսկ պատշգամբը, որտեղ տեղի է ունեցել կողոպուտը ընդհանրապես պաշտպանված չի եղել:

Կողոպուտից հետո ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են, որ Լուվրը մինչև տարեվերջ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կներդնի, այդ թվում՝ մոտակա հանրային ճանապարհներին ներխուժումը կանխող սարքեր և արգելապատնեշներ։

Ֆրանսիայի հանրային աուդիտի մարմնի՝ Հաշվիչ դատարանի կողմից անցյալ ամիս հրապարակված զեկույցում ասվել է, որ թանգարանի կողմից իր ենթակառուցվածքները թարմացնելու անկարողությունը սրվել է արվեստի վրա չափազանց մեծ ծախսերի պատճառով։