Պատրիսիա անունով տարեց շվեյցարացի կինը դարձել է դերասան Բրեդ Փիթ ներկայացած խաբեբայի զոհը, գրում է Daily Mail-ը։

Կնոջ պատմածով՝ կեղծ Փիթի հետ շփումը սկսվել է 2024 թվականի մայիսին, երբ նա հետևել է դերասանի պաշտոնական Instagram-ի էջին։ Գրեթե անմիջապես նրան գրել է տղամարդ, որը ներկայացել է Փիթի մենեջեր: Այնուհետև կեղծ մենեջերը տիկնոջն առաջարկել է անձնական շփում հաստատել «աստղի» հետ։ Պատրիսիան համաձայնել է։

Աստիճանաբար նամակագրությունը ստացել է ռոմանտիկ երանգ. խաբեբան հետաքրքրություն է ցուցաբերել նրա անձնական կյանքի նկատմամբ և տպավորություն է ստեղծել, որ զգացմունքներ ունի նրա նկատմամբ։ Երբ զրույցը վերածվել է հանդիպման, կեղծ Փիթը պնդել է, որ իր ղեկավարությունը մեծ գումար է պահանջում՝ հանդիպում կազմակերպելու համար։ Հավատալով նրան՝ Պատրիսիան սկսել է գումար փոխանցել։ Խաբեբայի հետագա վճարումների խնդրանքները գնալով հաճախակի են դարձել։ Ի վերջո, կինը ավելի քան 90 հազար ֆունտ ստեռլինգ է կորցրել։

Ավելի ուշ «Բրեդ Փիթը» առաջարկել է հանդիպել Միացյալ Նահանգներում։ Պատրիսիան թռել է Լոս Անջելես և այնտեղ միայնակ անցկացրել երեք շաբաթ. նրան այդպես էլ «բախտ չի վիճակվել» հանդիպել «աշխարհահռչակ դերասանի» հետ։ Տուն վերադառնալիս նա համացացնում կարդացել է նմանատիպ խարդախության զոհ դարձած ոմն ֆրանսուհու պատմությունը, և գլխի ընկել, որ իրեն խաբել են։

Թոշակառու կինը դիմել է ոստիկանություն։ Նա խոստովանել է, որ չափազանց ամաչում է իր միամտության համար, քանի որ լիովին վստահ էր, որ գործ ունի իսկական հոլիվուդյան աստղի հետ։