Ավստրալիայի արևելյան ափին՝ սերֆինգի հայտնի վայրի մոտակա լողափում հինգշաբթի շնաձկան հարձակման հետևանքով շվեյցարուհի զբոսաշրջիկ է զոհվել, մեկ այլ զբոսաշրջիկ էլ ծանր վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը։
Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հայտնել է, որ Քրաուդի Բեյի Քայլիս լողափ, Պորտ ՄըքՔուորիի մոտակայք, Սիդնեյից մոտ 350 կիլոմետր հյուսիս հինգշաբթի առավոտյան շտապօգնության ծառայություններ են կանչվել, երբ հաղորդվել է, որ շնաձուկը երկու մարդու է կծել։
Կինը, որը ենթադրաբար 20 տարեկան է և որի ինքնությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, մահացել է դեպքի վայրում։ Տղամարդը, որը նույնպես ենթադրաբար 20 տարեկան է, ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանության գլխավոր տեսուչ Թիմոթի Բեյլին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ շնաձկան զոհերը ճանաչում էին իրար։ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հաստատել է, որ երկուսն էլ Շվեյցարիայի քաղաքացիներ են։
«Շվեյցարիայի մեկ քաղաքացի զոհվել է, իսկ մեկ այլ շվեյցարացի վիրավորվել է»,- ասվում է հայտարարության մեջ։ Սիդնեյում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է եղել իշխանությունների հետ և աջակցություն է ցուցաբերել նրանց ընտանիքներին, ասվում է հայտարարության մեջ։ Նոր Հարավային Ուելսի շտապօգնության ծառայության վարիչ Ջոշ Սմիթը հայտնել է, որ լողափում գտնվող ականատեսը տղամարդուն ինքնաշեն լարանով կապել է՝ փրկելով նրա կյանքը և շտապօգնության ծառայություններին ժամանակ տալով առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։
Հարձակումը տեղի է ունեցել Սիդնեյի հյուսիսում՝ Լոնգ Ռիֆ լողափում, որտեղ երկու ամիս առաջ շնաձուկը սպանել էր սերֆինգով զբաղվող մի տղամարդու։





























