Ռուսաստանում Արևմտյան շրջանի 2-րդ ռազմական դատարանը Իգնատ Կուզինին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանության համար, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

Կուզինը մեղավոր է ճանաչվել ահաբեկչական հարձակում կատարելու, նման հարձակման համար մարզվելու և ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեջ։ Նրան նաև մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության և կեղծ փաստաթղթեր պահելու համար։

Գեներալ-լեյտենանտի սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ին։ Հետաքննիչները պարզել են, որ Իգնատ Կուզինը բնակարան է վարձակալել այն շենքում, որտեղ ապրել է գեներալ Մոսկալիկը։ 2025 թվականի փետրվարին նա մեքենա է գնել և կայանել զինծառայողի տան մուտքի մոտ։ Հարձակվողը պայթուցիկ նյութեր է տեղադրել մեքենայում, որոնք հեռակառավարմամբ պայթեցվել են, երբ գեներալը դուրս է եկել շենքից։ Գեներալը տեղում մահացել է։

Իգնատ Կուզինը նույն օրը թռել է Թուրքիա, սակայն այնտեղ ձերբակալվել է և հետ ուղարկվել Ռուսաստան: Հարցաքննության ժամանակ նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Մեղադրյալի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության կուրատորն իրեն խոստացել է 18 հազար դոլար՝ ահաբեկչական գործողության համար, ինչպես նաև նոր փաստաթղթեր, որոնք նրան թույլ կտան ապրել ԵՄ երկրներից մեկում: Պետական մեղադրողը ամբաստանյալի համար պահանջել է ցմահ բանտարկություն: