Փարիզի հեղինակավոր Cinémathèque Française կինոթատրոնը հայտարարել է ժամանակավոր փակման մասին՝ փայտոջիլների արշավանքի պատճառով, երբ նկատվել են այդ արյունածուծները, այդ թվում՝ հոլիվուդյան աստղ Սիգուրնի Ուիվերի վարպետության դասի ժամանակ, հայտնում է The Guardian-ը։
Cinémathèque-ը՝ աշխարհահռչակ կինոարխիվն ու կինոթատրոնը, իր հայտարարության մեջ նշել է, որ ուրբաթ օրվանից մեկ ամսով կփակի իր չորս կինոսրահները։ Ժամանակավոր փակումը, որի մասին որոշում է կայացվել փայտոջիլների հայտնվելու վերաբերյալ հաղորդումներից հետո, պետք է հանդիսատեսի համար երաշխավորի «լիովին անվտանգ և հարմարավետ միջավայր», ասվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի սկզբին մի քանի հանդիսատեսներ ֆրանսիացի լրագրողներին բողոքել էին, որ իրենց կծել են փայտոջիլները «Օսկար»-ի հավակնորդ Ուիվերի վարպետության դասից հետո, որը հայտնի է այնպիսի ֆիլմերում իր դերերով, ինչպիսիք են «Օտարը» և «Ավատարը»։ Այցելուներից մեկը ֆրանսիական Le Parisien օրաթերթին հայտնել է, որ փայտոջիլները սողում էին «նստատեղերի և հագուստի վրայով»։ Փարիզի արևելքում գտնվող կինոթատրոնում ֆիլմերի ցուցադրման երեք սրահները բաց են հանրության համար, իսկ չորրորդն օգտագործվում է կրթական միջոցառումների համար։
«Բոլոր նստատեղերը կապամոնտաժվեն, այնուհետև մի քանի անգամ անհատապես կմշակվեն 180°C ջերմաստիճանի չոր գոլորշիով, ինչից հետո դրանք կստուգեն շները»,- հայտնել են հաստատությունից։ -Գորգերը կենթարկվեն նույնպիսի մշակման»։
Շենքի մյուս տարածքները կմնան բաց, այդ թվում՝ ամերիկացի դերասան և կինոռեժիսոր Օրսոն Ուելսին նվիրված ընթացիկ ցուցահանդեսը։ 2023 թվականին կառավարությունը հայտարարել էր, որ ձեռնամուխ է լինում փայտոջիլների դեմ պայքարի համակարգված միջոցառումների, որոնք մեծ քանակությամբ հայտնվել էին հասարակական տրանսպորտում, կինոթատրոններում և հիվանդանոցներում՝ կապված 2024 թվականին Փարիզում Օլիմպիական խաղերի անցկացման Ֆրանսիայի նախապատրաստության հետ։