Սլովակիան և Չեխիան համաձայնության են եկել մերժել ԵՄ-ի ածխածնային քվոտաներով առևտրի համակարգը (ETS 2) և ԵՄ միգրացիոն պայմանագիրը։ Որոշման մասին հայտարարել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի (ստորին պալատ) խոսնակ Տոմիո Օկամուրան՝ Սլավկովի ձևաչափի խորհրդարանների (Սլովակիա, Չեխիա և Ավստրիա) խոսնակների Բրատիսլավայում անցկացված հանդիպումից հետո։

«Մենք սլովակյան կողմի հետ նույն տեսակետներն ունենք ETS 2 արտանետումների առևտրի համակարգը մերժելու անհրաժեշտության վերաբերյալ, և մեր ապագա գործողությունները կլինեն համատեղ։ Չեխիան և Սլովակիան ևս մերժում են ԵՄ միգրացիոն պայմանագիրը։ Մենք կշարունակենք քննարկել այդ հարցերը ավստրիական կողմի հետ»,- ըստ ČTK գործակալության՝ նշել է  խոսնակը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Սլավկովի ձևաչափի երկրների խորհրդարանների խոսնակները տարբեր կերպ են վերաբերվում Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերին։ Օկամուրան դեմ է արտահատվում։ Ավստրիան, ըստ նրա, նմանատիպ դիրքորոշում ունի։ Սակայն Սլովակիան աջակցում է ԵՄ-ն ընդլայնելու ծրագրերին՝ Ուկրաինան ներառելու համար։

Սլավկովի ձևաչափը Սլովակիայի, Չեխիայի և Ավստրիայի ոչ պաշտոնական տարածաշրջանային միավորում է: Այն ստեղծվել է 2015 թվականին: Երեք հարևան պետությունների միջև համագործակցության նպատակն է զարգացնել միջսահմանային փոխգործակցությունը և հեշտացնել բնակիչների միջև անմիջական շփումները: Այդ երկրների ղեկավարների միջև պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում են նաև արտաքին քաղաքականության արդիական հարցեր: