Թաիլանդի ռազմաօդային ուժերը ի պատասխան հրետանային գնդակոծությունների՝ ավիահարվածներ են հասցրել սահմանամերձ շրջաններում Կամբոջայի զինծառայողների դիրքերին։ Այս մասին հայտնել է Թաիլանդի պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունը շեշտել է, որ Կամբոջայում ավիահարվածների են ենթարկվել միայն հրամանատարական կետերը, անօդաչու թռչող սարքերի կառավարման օբյեկտները, զենքի և զինամթերքի պահեստները։

Թագավորական ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Չակկրիտ Թամմավիչայը հայտարարել է, որ ՌՕՈւ-ն պատրաստ է նաև գործողություններ իրականացնել Կամբոջայի խորքում, եթե հետախուզությունը հայտարարի անմիջական սպառնալիքի առկայության մասին։

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային բախումները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Թաիլանդը մեղադրել է Կամբոջային Բուրիրամ նահանգի քաղաքացիական շրջանների վրա հարձակվելու համար, իսկ այնուհետև հրաժարվել է բանակցություններից և որոշել է անցկացնել նոր ռազմական գործողություններ։