Մամուլի ազգային ակումբը ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի, հայտարարություն է տարածեռլ, որում մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով, որ այսօր լրանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի` անազատության մեջ մնալու 72 ժամը, եւ դատարանը պետք է  վերահաստատի  կալանքը որպես խափանման միջոց կամ ազատ արձակի նրան,

- արձանագրելով, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի, ընտրությունը համարժեք չէ նրան մեղսագրվող արարքին, ինչը լուրջ կասկածներ է հարուցում, որ խափանման միջոցն ընտրելիս նկատի են առել նրա լրագրողական գործունեությունը,

- համադրելով «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի եւ ոստիկանության պարզաբանումներն ու մեկնաբանությունները, որոնք որոշակի կասկածներ են հարուցում դեպքերի արհեստական հաջորդականության ու ոստիկանության գործողությունների նկատմամբ,

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում իրավապահպան եւ արդարադատությունն իրականացնող մարմիններին փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոցը եւ իրականացնել գործի համակողմանի ու անաչառ քննություն, ներառյալ` ոստիկանության կողմից Հայկ Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու շարժառիթները»:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունը հայտարարել են, որ վրաերթ տեղի չի ունեցել եւ տեղի ունեցածը բեմադրված է: