Չինաստանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման շրջանակներում կարևոր է մի շարք միջոցառումներ իրականացնել, այդ թվում՝ ակտիվացնել համագործակցությունը ենթակառուցվածքային նախագծերի շուրջ և ամրապնդել այն գիտատեխնիկական ոլորտում։ Այս մասին դեկտեմբերի 17-ին «Չինաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդում. երկխոսություն կառավարման ոլորտում փորձի փոխանակման մասին» թեմայով գիտաժողովի ժամանակ հայտարարել է Չինաստանի ժողովրդական համալսարանի Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտի տնօրեն Չժեն Յունտյանը:
Նա մատնանշել է նաև մարդկանց միջև շփումների ընդլայնման կարևորությունը, հատկապես չինական և հայկական գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության ամրապնդման միջոցով։ «Կարևոր ուղղություններ են նաև զբոսաշրջության զարգացումը և դեպի Հայաստան ավելի մեծ թվով չինացի զբոսաշրջիկների ներգրավումը, գյուղատնտեսական համագործակցության ամրապնդումը, Չինաստանում հայկական գյուղմթերքի ճանաչելիության բարձրացումը և մարդկանց բարեկեցության բարելավմանն ուղղված նախագծերի իրականացումը», - հավելել է փորձագետը։





























