Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն կիրակի օրը հայտարարել է, որ հանձնարարել է ոստիկանության և հատուկ ծառայությունների ստուգում անցկացնել այն բանից հետո, երբ երկու զինված հանցագործներ կրակել և սպանել են 15 մարդու Բոնդիի լողափում անցկացվող հրեական փառատոնի ժամանակ, հայտնում է AFP-ն։

Հորը և որդուն մեղադրում են Սիդնեյի ամենահայտնի լողափում՝ դեկտեմբերի 14-ին, Հանուկայի ընտանեկան տոնակատարության մասնակիցների վրա կրակ բացելու մեջ, ենթադրաբար «ԻԳԻԼ-ի գաղափարախոսությունից» ներշնչված։

Ալբանեզեն հայտարարել է, որ իր կառավարությունը կստուգի՝ արդյոք ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները ունեն լիազորություններ, կառուցվածքներ և համագործակցության մեխանիզմներ «ավստրալացիների անվտանգությունն ապահովելու համար»։

«ԻԳԻԼ-ից ներշնչված վայրագությունը, որը կատարվեց անցած կիրակի, վկայում է մեր երկրում անվտանգության ոլորտում արագ փոփոխվող իրավիճակի մասին,— ասել է նա։— Մեր անվտանգության ծառայությունները պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության»։

Ենթադրյալ հրաձիգը՝ 50-ամյա Սաջիդ Աքրամը, սպանվել է ոստիկանության կողմից Բոնդիում հարձակման ժամանակ։
Նա, լինելով Հնդկաստանի քաղաքացի, Ավստրալիա էր մուտք գործել վիզայով 1998 թվականին։ Նրա 24-ամյա որդին՝ Նավիդը, ծնունդով Ավստրալիայի քաղաքացի, մնում է հիվանդանոցում ոստիկանության հսկողության տակ։ Նրան առաջադրվել են բազմաթիվ մեղադրանքներ, այդ թվում՝ ահաբեկչության և 15 սպանության մեջ։

2019 թվականին Ավստրալիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը հետաքննություն էր անցկացրել որդու հնարավոր ռադիկալացման վերաբերյալ, սակայն այդ ժամանակ հաստատվել էր, որ նա վտանգ չի ներկայացնում, ըստ ավստրալական իշխանությունների։ Նրա հայրը նույնպես հարցաքննվել էր հատուկ ծառայության կողմից այդ հետաքննության շրջանակում, սակայն նրան հաջողվել էր ստանալ զենքի լիցենզիա, որը թույլ էր տալիս ունենալ վեց հրացան։

Բոնդիի լողափում հարձակման նախորդող շաբաթներին հայրը և որդին վերադարձել էին Սիդնեյ՝ Ֆիլիպինների հարավում անցկացրած չորս շաբաթյա ուղևորությունից հետո, ինչը ներկայումս հետաքննվում է այնտեղի և Ավստրալիայի դետեկտիվների կողմից։

Ալբանեզեն հայտարարել է, որ զանգվածային հրաձգությունից հետո երկրի հետախուզական ծառայության հետ կապված «լուրջ խնդիրներ» են ի հայտ եկել։

«Մենք պետք է ճշգրիտ ուսումնասիրենք, թե ինչպես են աշխատում այս համակարգերը։ Մենք պետք է հետ նայենք 2019 թվականին տեղի ունեցածին, երբ այս մարդը դիտարկվում էր, տրված գնահատականին», — ասել է նա ազգային հեռուստաընկերություն ABC-ին։

Առանձին հարցազրույցում, պատասխանելով Ֆիլիպինների հարավային Մինդանաո կղզու հյուրանոցում ենթադրյալ զինյալների գտնվելու մասին հարցին, Ալբանեզեն ասել է, որ նրանց հնարավոր ռադիկալացման վերաբերյալ հետաքննություն է ընթանում։