Ներկայացվել է աշխարհի խոշորագույն քաղաքների վարկանիշը՝ ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերով։
2025 թվականին վարկանիշի առաջին հորիզոնականները վստահորեն զբաղեցնում են Շվեյցարիայի քաղաքները․ Ժնևը (7984 ԱՄՆ դոլար) և Ցյուրիխը (7788 դոլար) համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերում են, տեղեկացնում է Naked Science-ը։ Հաջորդում է Սան Ֆրանցիսկոն՝ 7092 դոլար ցուցանիշով․ սա ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող քաղաքն է, չնայած վերջին հինգ տարում 10,6% անկմանը։
Բարձր եկամուտ ունեցող քաղաքների երկրորդ շարքում են Լյուքսեմբուրգը (6156 դոլար) և Բոստոնը (5940 դոլար), Չիկագոն (5203 դոլար) և Նյու Յորքը (5128 դոլար) նույնպես մտնում են գլոբալ տասնյակի առաջատարների մեջ։ Մոսկվայում միջին ամսական աշխատավարձը կազմում է 1650 դոլար։
Սովորաբար այս քաղաքները միավորում է բարձր մարժայով ոլորտների (ֆինանսներ, տեխնոլոգիաներ, մասնագիտական ծառայություններ) համադրությունը, լարված աշխատաշուկան և բարձր կենսապայմանների արժեքը․ գործոններ, որոնք սովորաբար բարձրացնում են անվանական աշխատավարձերը։
Սանդղակի ստորին հատվածում են գտնվում զարգացող երկրների խոշոր քաղաքները, որտեղ 2025 թվականին միջին եկամուտը մնում է ամսական 1000 դոլարից ցածր՝ ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Դրանց թվում են Կահիրեն (165 դոլար), Բոգոտան (375 դոլար) և Ռիո դե Ժանեյրոն (439 դոլար)։ Այս թվերը հստակ ցույց են տալիս, թե որքան խորն է մնում վարձատրության տարբերությունը նույնիսկ խոշորագույն մեգապոլիսների միջև։
Ինչպես են փոխվել միջին աշխատավարձերը աշխարհում 2020 թվականից։
69 քաղաքներից միայն յոթում 2020–2025 թվականների ընթացքում արձանագրվել է եկամուտների նվազում․ սակայն անկումը բավականին նկատելի է եղել։ Ամենախիստ կրճատումը դիտվել է Կահիրեում (–40,1%), իսկ Տոկիոն (–13,1%) անկում է դրսևորում՝ չնայած Ճապոնիայի՝ բարձր եկամուտ ունեցող, տնտեսության կարգավիճակին։





























