Հին Հունաստանում և Հռոմում գրքերն ու ընթերցանությունն առօրյա կյանքի մաս էին կազմում, սակայն դրանք բոլորովին այլ տեսք ունեին և այլ կերպ էին օգտագործվում, քան պատկերացնում ենք այսօր, գրում է Phys.org-ը։

Մեր թվարկության II դարում ապրած հռոմեացի գրող Ավլոս Գելիոսի նկարագրությունները թույլ են տալիս պատկերացում կազմել անտիկ գրավաճառների, ինչպես նաև գրքեր գնող, քննարկող և քննադատող մարդկանց մասին։ Իր պատմություններից մեկում նա պատմում է, թե ինչպես էր նստած Հռոմի գրախանութներից մեկում, որտեղ վաճառվում էին հնագույն տեքստեր, օրինակ՝ Կվինտոս Ֆաբիոս Պիկտորի «Տարեգրությունները», որոնք արժևորվում էին իրենց հնության և «անսխալականության» համար։

Սակայն այդ պահին խանութ է մտնում մի այլ գնորդ, որը գրքում «սխալ» է գտնում և, վիճելով վաճառողի հետ, ապացուցում իր իրավացիությունը՝ փաստելով, որ ընթերցողները վաղուց են ուշադրություն դարձրել տեքստի որակին։

Գելիոսը նաև նկարագրում է, թե ինչպես է Բրունդիզիի նավահանգստի մոտ հանդիպել գրքերի վաճառասեղանների, որտեղ վաճառվում էին հրաշքների և անհավանական իրադարձությունների մասին հունարեն գրքեր։ Թեև այդ գրքերը վատ վիճակում էին և «կեղտոտված անխնամությունից», ցածր գինը գրավել է նրան, և նա միանգամից մի քանի հատոր է գնել։ Դրանք պարունակում էին զարմանալի տեղեկություններ, օրինակ՝ Աֆրիկայի կախարդների մասին, որոնք ընդունակ էին «խոսքով և ձայնով մահ պատճառել մարդկանց, կենդանիներին ու բույսերին»։

Այս ժամանակաշրջանում գրի առաջացումը պարուրված էր լեգենդներով. շատ հին մշակույթներում հավատում էին, որ գիրը ստեղծել են աստվածները կամ հերոսները։ Հնագիտական գտածոները հաստատում են, որ գրային համակարգերը գոյություն են ունեցել անտիկ շրջանից շատ առաջ. Հունաստանում հայտնաբերված Դիսպիլիոյի տախտակը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 5000 թվականով, սակայն դրա արձանագրությունները մինչ օրս վերծանված չեն։

Հունաստանում սկզբում օգտագործվում էր Linear B վանկային համակարգը, իսկ հետո՝ մոտավորապես մ.թ.ա. VIII դարից, հույները տեղայնացրին փյունիկեցիների այբուբենը՝ ստեղծելով ավելի պարզ համակարգ, որտեղ յուրաքանչյուր նշան համապատասխանում էր առանձին հնչյունի։ Հենց հունական այս տարբերակի հիման վրա հետագայում զարգացավ լատինական այբուբենը։

Անտիկ շրջանում գրելու համար օգտագործում էին ամենատարբեր նյութեր՝ արմավենու տերևներ, ծառի կեղև, կապարե թիթեղներ, վուշե գործվածքներ և, հատկապես, պապիրուս։

Պապիրուսը պատրաստում էին եղեգից, որը կտրատում էին բարակ շերտերով, սեղմում և չորացնում՝ ստանալով բարակ թերթ, որն այնուհետև սոսնձում էին երկար փաթեթների (ոլորանների) տեսքով։ Պապիրուսի վրա գրում էին մրից և բուսական սոսնձից պատրաստված թանաքով, իսկ որպես գրիչ ծառայում էր կալամուսը՝ դանակով սրված եղեգնյա ցողունը։

Գրքերը պահում էին պապիրուսե փաթեթների տեսքով՝ դարակների վրա կամ արկղերում, որոնց բռնակներին պիտակներ էին փակցնում բովանդակությունը ճանաչելու համար։ Դրանք կարդում էին թե՛ զբոսանքների ժամանակ, թե՛ հռոմեական մարդաշատ գրախանութներում։

Տեքստերի հրատարակումն ու տարածումը աշխատատար գործընթաց էր, որը հաճախ պահանջում էր գրիչների՝ մասնագետների, որոնք արտագրում էին տեքստերը գնորդների կամ գրադարանների համար։