ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից և TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ուղիղ եթերում մեկնաբանություններ է արել՝ փարատելով նախագծի հակառակորդների «չարամիտ մանիպուլյացիաները»։

Նախարարը նշել է, որ մի քանի ժամ առաջ հանդիպել է պետքարտուղար Ռուբիոյի և նրա պատվիրակության հետ։ Նրանք քննարկել են հարաբերությունների դինամիկան, նախաձեռնությունները, նախանշել նոր ուղղությունները, ռազմավարական աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող այցելություններն ու հանդիպումները։

Միրզոյանը հիշեցրել է, որ զրույցը կենտրոնացած է եղել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա, որոնք հաստատում էին TRIPP-ի իրականացման շրջանակը: Նախարարը փաստաթուղթը անվանել է չափազանց կարևոր և զգայուն հարցեր շոշափող:

«Անցել է հինգ ամիս և ամերիկյան կողմի հետ բանակցությունները մեզ հնարավորություն են տվել բավականին մանրամասն քննարկել պայմանները, սկզբունքները և այլն։ Սա դեռևս վերջնական փաստաթուղթ չէ, չնայած այն նշանակալի նվաճում է բոլոր կողմերի համար։ Հետագա փաստաթղթերը կանդրադառնան ավելի շատ իրավական ասպեկտների՝ արտացոլելով հասարակության և ներգրավված կողմերի համար ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը», - նշել է նախարարը։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ փաստաթղթում արտացոլվել է այն ամենը, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ «Ավելին համաձայնեցված չէ։ Չկա որևէ պայման, որ բարձրացվել է, բանակցվել է, ունի համաձայնություն, բայց չենք հրապարակել ինչ-ինչ նկատառումներից ելնելով։ Որևէ նման դրույթ չկա։ Տեքստը հստակ ձևակերպված է», - հաստատել է Միրզոյանը։

Այնուհետև նախարարը սկսել է ընթերցել նախկինում հրապարակված տեքստի պարբերությունները՝ ուղեկցելով դրանք մեկնաբանություններով։

Կրկին ընդգծելով նախագծի կարևորությունը՝ Միրզոյանը նշել է, որ սա տարածաշրջանային խոշոր ծրագիր է և բաղկացած է երեք մակարդակից. 1-ին մակարդակ՝ կապ երրորդ երկրների, ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև, 2-րդ մակարդակ՝ կապ Նախիջևանի և Ադրբեջանի միջև, 3-րդ մակարդակ՝ ՀՀ կապը երրորդ երկրների հետ երկու ուղղություններով՝ դեպի Արևմուտք և Կենտրոնական Ասիա: Միրզոյանը հատկապես կարևորել է փաստաթղթում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հիշատակումը:

Նախագծի իրականացման նպատակով ստեղծվում է TRIPP զարգացման ընկերությունը: Փաստաթղթում նաև բազմիցս ընդգծվում է, որ նախագիծն իրականացվելու է ՀՀ սուվերենության լիակատար պահպանմամբ: Այսինքն՝ չեն լինելու ենթակառուցվածքային հատվածներ, որտեղ որևէ կերպ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունը: Ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանելու է ամերիկյան կողմին, սակայն կլինեն սկզբունքային հարցեր, որտեղ Հայաստանը, չունենալով վերահսկիչ փաթեթ, լինելու է որոշիչ կողմ. առանց նրա համաձայնության որոշակի հարցերի շուրջ որոշումներ չեն կայացվելու: Օրինակ՝ սեփականատերերի կամ բաժնետոմսերի փոփոխության դեպքում անհրաժեշտ կլինի ՀՀ և ԱՄՆ կառավարությունների որոշումը: Այսպիսով, նախարարը հերքել է բոլոր դավադրապաշտական տեսությունները, ըստ որոնց՝ «Թրամփի ուղին» կարող է փոխանցվել երրորդ կողմի առանց ՀՀ համաձայնության: Նախարարի խոսքով՝ այն վաճառելն անհնար կլինի, դա կդիտվի որպես պայմանագրի խախտում:

Ենթանախագծերի իրականացման նպատակով կարող են հիմնադրվել «հատուկ նշանակության կազմակերպություններ»՝ մասնավոր ընկերությունների ներգրավմամբ, ՀՀ կառավարության համաձայնությամբ և մասնակցությամբ: Անդրադառնալով ընկերությանը կառուցապատման իրավունք տրամադրելուն՝ նախարարը նշել է, որ նույնպիսի իրավունք տրված է տասնյակ այլ ընկերությունների: ՀՀ ինքնիշխանությունը և իրավազորությունը որևէ կերպ չեն սահմանափակվելու, իսկ ՀՀ օրենքները գործելու են ամբողջ ճանապարհի երկայնքով, կրկնել է Միրզոյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությանը ներկայացված՝ նախագծին առնչվող հարցերին ի պատասխան նախարարը կրկնել է, որ անվտանգությունը և իրավակարգը, ինչպես նաև անցակետերի աշխատանքը ապահովելու է հայկական կողմը և որևէ գործառույթ չի պատվիրակվելու այլ կողմի։ Պարզաբանելով փաստաթղթում ներկայացված «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» մոտեցումը՝ ԱԳ նախարարը նշել է, որ դա աշխարհում լայնորեն կիրառվող մոդել է, որն ըստ էության ներկայացնում է «մեկ պատուհանի» սկզբունքը։

Բացատրելով, թե ինչու է որոշում կայացվել հայկական կողմին թողնել բաժնետոմսերի միայն 26 տոկոսը՝ Միրզոյանը հայտարարել է, որ դա մեծ հաշվով արտացոլում է երկրների ներդրումը։ Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մտադիր է խոշոր ֆինանսական ներդրումներ կատարել, մինչդեռ Հայաստանը հիմնականում տրամադրում է կառուցապատման իրավունքը։ «Բավականին արդարացի որոշում է, ընդ որում՝ խոսքը առաջին 49 տարիների մասին է։ Երբ 49 տարի անց ապահովվի միջոցների վերադարձը, դասավորությունը կփոխվի և գրեթե կհավասարվի», - կարծում է Միրզոյանը։

Անդրադառնալով «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» մոդելում Ադրբեջանի մասնակցության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ դա ամերիկյան կողմի հետ քննարկման առարկա չէ և ըստ էության, ինքը նման քննարկման անհրաժեշտություն չի տեսնում։ Միրզոյանը նկատել է, որ ամբողջ աշխարհը ձգտում է հեշտացնել սահմանային ընթացակարգերը և տարանցման իմաստը հենց դրա պարզեցումն է։ Այն հարցին, թե արդյոք TRIPP-ի ընթացակարգերը տարբերվելու են գոյություն ունեցողներից, նախարարը տվել է մոտավորապես նույն պատասխանը՝ ընդգծելով պարզեցման կարևորությունը, բայց ոչ ի վնաս ինքնիշխանության և անվտանգության, այլ օրենսդրության հիման վրա և միջազգային նորմերին համապատասխան ձևով։

Ինչպես ընդգծեց նախարարը, «Հյուսիս-Հարավ»-ը և TRIPP-ը միասին կկազմեն «Խաղաղության խաչմերուկը», որի նախաձեռնությամբ Հայաստանը կիսվել է աշխարհի հետ:

Այն ճշտումը, թե արդյոք կան երաշխիքներ, որ պայմանավորվածությունները կիրականացվեն, նախարարը նկատել է, որ առայժմ ոչ մի երաշխիք չի փրկել խախտումներից և այդ պատճառով «մենք գնացել ենք այլ ճանապարհով»․ չենք փնտրում երաշխավոր երկրներ, այլ փորձում ենք կառուցել այնպիսի փոխշահավետ մեխանիզմ, որը երկարաժամկետ կայունություն կապահովի։