Սգավորները հավաքվել էին Միջերկրական ծովի Կորսիկա կղզու մայրաքաղաք Այաչոյից կես ժամ հեռավորության վրա գտնվող Վերո փոքրիկ գյուղում: Նրանց թվում էր 71-ամյա ազգայնական նախկին առաջնորդ Ալեն Օրսոնին, որը Նիկարագուայի վտարանդիությունից ժամանել էր մորը հուղարկավորելու համար:
Հանկարծ արարողության ժամանակ մոտակա թփուտներից միայնակ կրակոց է հնչել, ինչի հետևանքով Օրսոնին տեղում մահացել է, գրում է BBC News-ը:
Միայն վերջին երեք տարում 350 000 բնակիչ ունեցող այս կղզում սպանվել է երեսունհինգ մարդ. սա Ֆրանսիայում սպանությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
Կորսիկացիներն արդեն սովոր են հանցավոր աշխարհի «ակն ընդ ական» ոճի վենդետաներին ու փոխհրաձգություններին, բայց նույնիսկ այստեղ Օրսոնիի սպանության ձևն ապշեցրել է կղզու բնակիչներին:
Երեկ Այաչոյում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությունից հետո Ալեն Օրսոնիին դիակիզել են: Գործընթացը հսկել են ոստիկանության մեծաթիվ ուժեր: Ըստ մտերիմ ընկեր Ջո Պերալդիի, դժվար է հավատալ, որ Օրսոնիի մոր թաղման հուզիչ օրը կարող էր այսպես մթագնվել:
Տարիների ընթացքում Կորսիկայում բռնության զոհ են դարձել ֆերմերներ, ընտրված պաշտոնյաներ, իրավաբաններ, տեղական ձեռնարկատերեր և նույնիսկ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում մասնագիտացած փարիզյան դատավորները սպանության հետաքննությունը վարում են Մարսելի տարածաշրջանային դատախազության հետ համատեղ:
Այս սպանությունն արձագանք է գտել Կորսիկայի սահմաններից շատ հեռու: Օրսոնիների ընտանիքի անունը կղզում բոլորին է հայտնի. նրանք վաղուց ասոցացվում են ազգայնականության, ինչպես նաև բռնության դրվագների հետ: Երիտասարդ տարիներին Ալեն Օրսոնին որոշ ժամանակ անցկացրել է բանտում՝ ֆրանսիական պետության վրա ճնշում գործադրելու և կղզուն մեծ ինքնավարություն տրամադրելու նպատակով իրականացված պայթյունների համար:
Սակայն ազգայնական շարժումը տրոհվել է տարբեր խմբերի և գնալով ավելի հաճախ է դիմել փողերի լվացման, շորթման, ռեկետի, թմրամիջոցների առևտրի ու բռնության՝ պետական շահավետ պայմանագրեր ստանալու համար:
1983 թվականին Օրսոնիի եղբորը՝ Գային, սպանել էր մրցակից կլանը, իսկ նրա որդին այժմ բանտում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և սպանության փորձի համար: Ալենը մի քանի անգամ հրաշքով փրկվել էր մահից և ներքին արյունալի բախումների թեժ պահին փախել Կենտրոնական Ամերիկա՝ սկսելով ներդրումներ անել կազինոների ոլորտում: Նա գիտեր, որ իր կյանքը մշտական վտանգի տակ է: