ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը, հունվարի 28-ին, որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել միայնակ: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ նշեց, որ ինքը պարտավոր է ենթարկվել այդ որոշմանը:
Անդրադառնալով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու խնդրին, Հայրիկյանն ասաց. «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը վերջին պահին մեջտեղ են ընկել, թե ուզում են համամասնական ընտրական համակարգ: Համամասնականը համեմատաբար ավելի լավ է, քան` մեծամասնականը, բայց չէ՞ որ ձեզ տրված է կատարյալ ժողովրդավարության համակարգի պատկերը, մոդելը: Էս ինչ նախանձ է, էս ինչ պիմիտիվ նախանձ է: Մեկ է, դուք ինչ էլ անեք, անկախություն հանրաքվեի ճանապարհը Հայրիկյանի նախաձեռնությունն է:
Ինչո՞ւ եք նախանձում: Տվել եմ ձեզ կատարյալ ժողովրդավարական համակարգի մոդելը, հավաքվեք սրա շուրջը ստեղծեք մի կարգին դաշինք, որ մեր ժողովրդի կյանքն էլ փոխվի: Թե չէ մտածում եք մի քանի աթոռ ունենաք»:
Նա միաժամանակ նկատեց, որ ԱԻՄ-ի կողմից առաջարկ է արվել, որ ինքը մեծամասնական ընտրակարգով մասնակցի ընտրություններին, բայց ինքն ընտրել է մասնակցության համամասնական տարբերակը:




























