Շիրակի մարզում, դեռեւս 2011-ի դեկտեմբերին, գիշերօթիկ դպրոցի սան 10-ամյա աղջնակին բռնաբարած 25-ամյա Վարդան Ղ-ն, թեեւ կալանավորված է, բայց դեռ չի դատապարտվել (աղջնակի ինքնությունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ սույն գործով քննիչ Էդգար Ալեքսանյանից:
Հիշեցենք, որ գործը քննող քննիչ Էդգար Ալեքսանյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 138 հոդվածի`/ բռնաբարություն/ 3-րդ մասով : Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է 14 տարին չլրացած անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով:
Քննիչը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ փորձաքննություններ են նշանակված եւ սպասում են դրանց պատասխանին: Հարցին, թե երիտասարդը չի՞ ընդունել իր մեղքը, նա արձագանքեց. «Դա նախաքննության գաղտնիք է: Իսկ փորձաքննություն նշանակվում է բոլոր դեպքերում, անկախ նրանից, մեղքը ընդունում է, թե ոչ»:
Նրա խոսքով, մինչ օրս դեռ պարզված չէ, արդյոք երիտասարդն ու աղջնակը մինչ այդ ճանաչել են իրար, թե` ոչ, այն պարզ կլինի նախաքննության ավարտից հետո միայն: Նաեւ հայտնի չէ, թե փորձաքննությունը երբ կավարտվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աղջկա բնակավայրում շրջանառվող լուրերի համաձայն, շաբաթների ընթացքում Վարդան Ղ-ն երեխայի վստահությունը ձեռք բերելուց հետո հրավիրել է մի կիսակառույց շենք եւ բռնաբարել: Իսկ սոցապ նախարարության լրատվական վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատելով տեղեկատվությունը, ասել էր. «Գործող կարգի համաձայն, ծնողները իրավունք ունեն իրենց երեխաներին շաբաթ եւ կիրակի օրերին տանել տուն: Գրանցամատյանում գրանցված է, որ աղջկան ծնողը եկել եւ տարել է տուն: Այսինքն` դեպքը տեղի է ունեցել գիշերօթիկ դպրոցի տարածքից դուրս, սակայն երեխային հետ են բերել հաստատություն: Նրա հետ հոգեբան է աշխատում եւ ներկա պահին աղջիկը գտնվում է նորմալ վիճակում»:
NEWS.am-ը նաեւ տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությանը` մանկապիղծների նկատմամբ որպես պատիժ կիրառել ամլացումը, սակայն այն պետք է լինի կամավոր: Այսինքն` մանկապիղծը պետք է կրի իր պատիժը, իսկ ազատվելուց առաջ հատուկ փորձաքննություն անցնի: Եթե փորձաքննությունը եզրակացնի, որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար, ապա կալանավայրից դուրս գալուց հետո պետք է կամ հարկադիր բուժում անցնի, կամ ամլացվի: Ամլացումը պետք է լինի կամավոր` հիվանդին քիմիական եղանակով հորմոններ ներարկելու միջոցով:
Նշենք, սակայն, որ այս նախաձեռնությունը, որը դեռ օրենք չի դարձել, միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, քանի որ մտավախություն կա, որ օրենքի կիրառման անկատարությունը կարող է հանգեցնել այդ օրենքի չարաշահումների:




























