Լեհաստանի պաշտպանության նախարարությունը բարձր պատրաստվածության պահեստազորի մասշտաբային ձևավորում է սկսում։ Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

«Կստեղծվի այսպես կոչված բարձր պատրաստվածության պահեստազոր, որը պրոֆեսիոնալ բանակի և տարածքային պաշտպանության ուժերի հետ միասին կկազմի 500 հազար զինծառայող», - ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարը, ում խոսքերը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նա հստակեցրել է, որ նախատեսվում է մինչև 300 հազար պահեստազորային ունենալ:

Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ համապատասխան պատրաստության ծրագիրը կմեկնարկի այս տարվա մարտին։ Լեհաստանի ՊՆ ղեկավարի փոխանցմամբ՝ պահեստազորի ձևավորման անհրաժեշտությունը «պայմանավորված է անխուսափելի ժողովրդագրական փոփոխություններով, որոնց հետևանքով բանակը տարեցտարի կկարողանա հույս դնել ավելի ու ավելի քիչ թվով նորակոչիկների վրա»։

Հաղորդվում է, որ պահեստազորայինները, որոնց հավաքագրումն իրականացվելու է կամավոր հիմունքներով քաղաքացիական անձանցից՝ կոնկրետ զորամասերին կցվելու սկզբունքով, կանոնավոր կերպով մասնակցելու են զորավարժություններին և ունենալու են արագ զորահավաքի պատրաստվածություն։ Ինչպես նշել է Կոսինյակ-Կամիշը, պահեստազորում ծառայությանը «հավասար պայմաններով կարող են մասնակցել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք»։

2026 թվականի հունվարի դրությամբ Լեհաստանի զինված ուժերը հաշվառում են ավելի քան 216,5 հազար զինծառայող, ներառյալ 162 հազար պրոֆեսիոնալ զինվորականներ:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարությանը կից Սպառազինությունների գործակալությունը, Լեհաստան է ժամանել 2026 թվականի համար նախատեսված ամերիկյան Abrams M1A2SEPv3 տանկերի առաջին խմբաքանակը։ Հաղորդվում է, որ մատակարարվել է 29 տանկ: Տեխնիկան վերջնական սպասարկում կանցնի Պոզնանի WZMOT ռազմական գործարանում, որից հետո կհանձնվի Լեհաստանի զինված ուժերի սպառազինությանը։

Լեհական բանակի սպառազինության մեջ արդեն իսկ կա նախորդ տարբերակների 116 Abrams տանկ, իրականացվում են նաև նոր մոդիֆիկացիայի տանկերի մատակարարումներ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է Լեհաստանի զինված ուժերի սպառազինությունը համալրել 250 միավոր Abrams M1A2SEPv3 տանկերով։