Ինդոնեզիայի ոստիկանությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ փոքր առևտրային ինքնաթիռի օդաչուն և երկրորդ օդաչուն զոհվել են այն բանից հետո, երբ անհայտ անձինք կրակ են բացել օդանավի ուղղությամբ, երբ այն վայրէջք էր կատարում երկրի ամենաարևելյան՝ Պապուա տարածաշրջանում, հայտնում է Reuters-ը:
Smart Air ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 13 ուղևոր և օդաչուները, վայրէջք է կատարել Հարավային Պապուա նահանգի Բովեն Դիգոել շրջանի Կորովայի օդանավակայանում չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով 11:17-ին (Գրինվիչի ժամանակով 02:17-ին), գործակալությանը հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Կահիո Սուկարնիտոն:
Նրա խոսքով՝ երբ հրաձգությունն սկսվել է, օդաչուներն ու ուղևորները լքել են ինքնաթիռը և ուղևորվել դեպի օդանավակայանի մոտակա անտառապատ տարածքը: Օդաչուն և երկրորդ օդաչուն զոհվել են, սակայն բոլոր ուղևորները ողջ և առողջ են։
Կահիոն ասել է, որ դեռևս պարզ չէ, թե ով է իրականացրել Cessna Caravan ինքնաթիռի վրա հարձակումը, երբ նրան հարցրել են պապուասյան ապստամբական խմբավորումների հնարավոր առնչության մասին։
Բնական պաշարներով հարուստ Պապուայում անկախության համար դաժան պայքար է ընթանում անվտանգության ուժերի և ապստամբների միջև այն ժամանակից ի վեր, երբ 1969 թվականին տարածաշրջանը վիճահարույց կերպով անցավ Ինդոնեզիայի վերահսկողության տակ։ Դա տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության հսկողությամբ անցկացված քվեարկության արդյունքում։





























