Ղազախստանի Սահմանադրության հրապարակված նախագիծը պահպանում է ռուսերենի կարգավիճակի իջեցման վերաբերյալ ձևակերպումը։ Փաստաթուղթը հրապարակել է «Կազինֆորմ» գործակալությունը։
«Պետական կազմակերպություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ղազախերենին զուգահեռ պաշտոնապես գործածվում է ռուսերենը», — ասված է Սահմանադրության իններորդ հոդվածում։
Սահմանադրության նոր նախագծի այն հոդվածում, որը վերաբերում է ռուսերենի կիրառմանը, «հավասարապես» բառը փոխարինվել է «զուգահեռ» բառով։ Այսինքն՝ պետական լեզուն եղել և մնում է ղազախերենը, սակայն պետական մարմիններում ռուսերենի կիրառման մեխանիզմը փոխվում է։ Եթե նախկինում տեղեկատվությունը պետք է տրամադրվեր ռուսերեն նույն ծավալով, ինչ ղազախերենով, ապա այժմ դա, ըստ ամենայնի, տեղի կունենա հենց քաղաքացու հարցման հիման վրա։ Խորհրդարանի այն պատգամավորները, որոնք ընդգրկված են սահմանադրական հանձնաժողովի կազմում, կարող են շարունակել ելույթ ունենալ ռուսերենով, սակայն ընդհանուր առմամբ այժմ ոչ ոք պարտավոր չէ նրանց բացատրել գործընկերների՝ պետական լեզվով ունեցած ելույթների բովանդակությունը։





























