Չինաստանը պետք է հզորացնի հիմնարար գիտական հետազոտությունների ոլորտում աշխատանքը և ընդլայնի այդ բնագավառում միջազգային համագործակցությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Անհրաժեշտ է ուժեղացնել հիմնարար հետազոտությունների ռազմավարական, հեռանկարային և համակարգային պլանավորումը, խորացնել գիտական ֆինանսավորման ոլորտում բարեփոխումները, կատարելագործել դրա կառուցվածքը և բարձրացնել արդյունավետությունը», — Սի Ծինփինի խոսքերն է մեջբերում «Սինհուա» գործակալությունը։ Չինաստանի առաջնորդն այս հրահանգները տվել է ՉԺՀ Բնական գիտությունների պետական հիմնադրամին։
Չինաստանի ղեկավարը նաև մատնանշել է հետազոտությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Չինաստանը պետք է ձգտի «ընդլայնել միջազգային համագործակցության տարածքը, աջակցել գիտական նոր բարձունքների հասնելու գործում հետազոտողներին» և էլ ավելի մեծ արդյունքների հասնել ինքնատիպ մշակումների ոլորտում։
Ինչպես ընդգծել է Սի Ծինփինը, այս ուղղությամբ գործադրվող ջանքերը թույլ կտան Չինաստանին լինել առաջատար գիտական տերություն։ Նա նշել է, որ գիտատեխնիկական հեղափոխության հերթական փուլի հետ կապված՝ ՉԺՀ-ի առջև բացվում են «նոր պատմական հնարավորություններ»։
Բնական գիտությունների պետական հիմնադրամը ստեղծվել է 1986 թվականի փետրվարին։ Այն համարվում է Չինաստանում հիմնարար հետազոտությունների պետական ֆինանսավորման և գիտական կադրերի պատրաստման կարևորագույն խողովակը։





























