Փարիզի Հաղթական կամարի մոտ ուրբաթ օրը ոստիկանի վրա դանակով հարձակվելու փորձ կատարած տղամարդը գնդակահարվել է ոստիկանության կողմից և ավելի ուշ մահացել ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությանը։

Հաղորդագրության համաձայն՝ ոստիկանը չի տուժել և այլ վիրավորներ չկան։

Դատախազությունից հավելել են, որ այս տարվա դեկտեմբերին տղամարդն ազատ է արձակվել բանտից՝ ահաբեկչության մեղադրանքով 12 տարի պատիժ կրելուց հետո։

Փարիզի ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Անհայտ զինվորի գերեզմանի մոտակայքում, որտեղ ոստիկանները վառում էին կրակը։ Հարձակումից կարճ ժամանակ անց Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը հայտարարել է, որ ձեռնամուխ է եղել գործի քննությանը։

Հաղորդագրության մեջ կասկածյալի անունը չի նշվում, սակայն ասվում է, որ նա 1978 թվականին ծնված ֆրանսիացի է, ով ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել էր Բելգիայում կատարած սպանության փորձի համար և ստացել 17 տարվա ազատազրկում։

Դատախազության տվյալներով՝ դեկտեմբերին ազատ արձակվելուց հետո (երբ կրել էր պատժի 12 տարին), նա գտնվում էր ոստիկանության հսկողության տակ և անցնում էր կանոնավոր ստուգումներ։