Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի արվարձաններից մեկում ուրբաթ վաղ առավոտյան աշխատողների համար ժամանակավոր կացարան օգտագործվող շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, մոտ երկու տասնյակը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը։
Հունգարիայի Աղետների դեմ պայքարի ազգային գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հրշեջները մարել են Բուդապեշտից մոտ 8 կմ դեպի արևմուտք գտնվող Բուդակեշի բնակավայրի հրդեհը, որը վաղ առավոտյան ամբողջությամբ համակել էր երկհարկանի շինությունը։
Դեպքի վայր են ուղարկվել ավելի քան 40 բուժաշխատող և 18 շտապօգնության մեքենա։ Հրշեջները շենքից դուրս են բերել մի քանի ողջ մնացածների և երեք գազի բալոն։ Երկու տղամարդու և մեկ կնոջ մարմինները հայտնաբերվել են շենքի փլուզված տանիքի տակ, հայտնել է աղետների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը։ Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պեշտ շրջանի ոստիկանության գլխավոր վարչության ներկայացուցիչը նշել է, որ հրդեհի պատճառը, հավանաբար, եղել է սենյակներից մեկում տեղի ունեցած պայթյունը։
Նա հավելել է, որ շենքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ, այդ թվում՝ գազի օգտագործումը կանոնների խախտմամբ։ Փաստի առթիվ սկսվել է քրեական հետաքննություն, հայտնել են ոստիկանությունից։ Շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժած 22 հոգու, որոնցից չորսի վնասվածքները վտանգավոր են եղել կյանքի համար։ Տուժածները տեղափոխվել են Բուդապեշտի ութ հիվանդանոցներ՝ հետագա բուժման համար։




























