Կոլումբիան վերսկսել է անօդաչու թռչող սարքերի միջոցով թունավոր քիմիական նյութով թմրանյութերի ցողումը: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Բոգոտայում ԱՄՆ դեսպանատունը, երբ երկու երկրների ղեկավարների հանդիպումը թուլացրել է լարվածությունը, հաղորդում է AFP-ն:

2015 թվականին հարավամերիկյան այս երկիրը դադարեցրել էր գլիֆոսատի օդային սրսկումը, որը կապված էր մարդկանց մոտ քաղցկեղի առաջացման հետ՝ առողջության վրա դրա բացասական ազդեցության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ձախակողմյան գործընկեր Գուստավո Պետրոն անցյալ շաբաթ հանդիպել են Սպիտակ տանը՝ վերջին մեկ տարվա ընթացքում առկա դիվանագիտական լարվածությունը հարթելու հանար։

Նրանք խոստացել են վերսկսել Վաշինգտոնի և Բոգոտայի միջև պատմական ռազմական համագործակցությունը և համատեղ պայքարել պարտիզանական խմբավորումների ու նարկոկարտելների դեմ։

Դեկտեմբերին Պետրոյի կառավարությունը հայտարարել է, որ կվերսկսի թմրամիջոց պարունակող մշակաբույսերի սրսկումը՝ տեղի տալով Թրամփի վարչակազմի աճող ճնշմանը, որն աշխարհում կոկաինի խոշորագույն արտադրողից պահանջում է խստացնել հակաթմրամիջոցային քաղաքականությունը։

«Կոլումբիան սկսել է կոկայի մշակաբույսերի ոչնչացումը անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ԱՄՆ կառավարության աջակցությամբ։ Այս տեխնոլոգիան կարող է արմատապես փոխել իրավիճակը՝ կրճատել կոկայի մշակումը, բարձրացնել անվտանգությունը Կոլումբիայում, նվազեցնել Ամերիկայի փողոցներ հասնող մահաբեր թմրանյութերի քանակը և ավելի շատ կյանքեր փրկել», — ուրբաթ օրը սոցիալական ցանցերում հայտնել է Բոգոտայում Վաշինգտոնի ներկայացուցչությունը։

Դեկտեմբերին Կոլումբիայի արդարադատության նախարարությունը ներկայացրել է թմրամիջոց պարունակող մշակաբույսերի ոչնչացման նոր քաղաքականությունը։ Դրանում նշվում էր, որ անօդաչու սարքերը թռչելու են կոկայի պլանտացիաներից 1,5 մետր բարձրության վրա և «վերահսկվող» սրսկում են իրականացնելու՝ բնակչության վրա քիմիական նյութի ազդեցությունը կանխելու համար։

2022 թվականին պաշտոնը ստանձնելու պահից ի վեր Պետրոն վարում է «ամբողջական խաղաղության» քաղաքականություն, որի նպատակն է երկխոսության միջոցով լուծարել բոլոր զինված խմբավորումները։

Սակայն պաշտոնավարման ավարտին մնացած վերջին վեց ամիսների ընթացքում այդ ջանքերը նշանակալի արդյունքներ չեն տվել, ինչն էլ ստիպել է նախագահին անցում կատարել թմրամիջոցների դեմ առավել կոշտ պայքարի։