Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ մեկնաբանել է եռակողմ բանակցությունները Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ մասնակցությամբ, տեղեկացրել է BBC News-ը։
Նրա խոսքով՝ այդ բանավեճերի ընթացքում ամերիկյան կողմը, թերեւս, միշտ վերադառնում է զիջումների թեմային։
Ընդ որում, չափից ավելի հաճախ, ինչպես նշել է Զելենսկին, այդ զիջումները քննարկվում են միայն Ուկրաինայի համատեքստում, այլ ոչ թե Ռուսաստանի։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Եվրոպան գրեթե ներկա չէ բանակցությունների սեղանի շուրջ, եւ, նրա կարծիքով, դա մեծ սխալ է։
«Խաղաղությունը կարող է կառուցվել միայն անվտանգության հստակ երաշխիքների վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ավելացնելով, որ «այնտեղ, որտեղ անվտանգության հստակ համակարգ չկա, պատերազմը միշտ վերադառնում է»։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը կանի ամեն ինչ, որպեսզի գալիք բանակցությունները հաջող լինեն։
Նա ավելացրել է, որ իր թիմը «մշտական շփման» մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցողների հետ։
Հիշեցնենք, որ եռակողմ բանակցություններն Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ պավիրակությունների մասնակցությամբ տեղի են ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-ին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, բանակցությունների հաջորդ փուլը նույն ձեւաչափով տեղի կունենա Ժնեւում, փետրվարի 17-ին։





























