Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ թողեց գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի նկատմամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճիռը՝ 3 տարվա պայմանական ազատազրկում, սակայն համաներում կիրառեց եւ ազատ արձակեց պատժի կրումից: Հիշեցնենք, որ ողնաշարի տուբերկուլյոզ հիվանդության եւ անցած տարվա փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում ստացած հրազենային վնասվածքի պատճառով Վարդան Ջհանգիրյանը չէր կարողանում շարժվել եւ կարիք ուներ երկարատեւ բուժման: Վերաքննիչ դատարանը կասեցրել էր գործի քննությունը, եւ Վ.Ջհանգիրյանը մեկ ամսով մեկնել էր Մյունխեն՝ բուժվելու: Նա այժմ իրեն բավական լավ է զգում, եւ դատարանն այսօր վերսկսեց գործի լսումը:

Պաշտպանական կողմը ներկայացրեց իր բողոքը, որ Ջհանգիրյանի նկատմամբ հետապնդումը կրում է քաղաքական բնույթ, իսկ նա մեղավոր չէ: Ինչեւէ, դատարանի եռյակն անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, բայց Վարդան Ջհանգիրյանին համաներման կիրառմամբ ազատ արձակեցին պատժի կրումից:

«Ակնհայտ ապօրինի որոշում էր, իհարկե բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան»,- NEWS.am-ին հայտնեց Վարդան Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: