Իրանի վրա ամերիկաիսրայելական հարվածները պատերազմ  հրահրեցին Մերձավոր Արևելքում, և եվրոպական երկրներն ուժեղացրել են ներքին անվտանգության միջոցառումները՝ վախենալով, որ Թեհրանը կարող է «ահաբեկչական հարձակումներ» ծրագրել որպես վրեժ, հաղորդում է AFP-ն։

Նորվեգիայում իրաքյան ծագում ունեցող երեք նորվեգացի եղբայր է ձերբակալվել կիրակի Օսլոյում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պայթյունի հետ կապված «ահաբեկչական հարձակման» կասկածանքով, որն աննշան վնասներ է պատճառել։ Ոստիկանությունը հայտարարել է, թե հետաքննում է այն հնարավորությունը, որ նրանք կատարել են «կառավարական գործակալության հրամանները»։ Օսլոյում Իրանի դեսպանը հերքել է միջադեպին իր մասնակցությունը։ Դեպքից հետո ԱՄՆ դեսպանատան Google Maps էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ պատկերված է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որը սպանվել է Իրանի վրա ամերիկաիսրայելական հարվածների առաջին օրը։

Բելգիայում երկուշաբթի լուսաբացից առաջ տեղի ունեցած պայթյունը վնասել է արևելյան Լիեժ քաղաքի սինագոգը, բայց ոչ ոք չի տուժել։ Իշխանությունները հինգշաբթի հայտարարել են, որ ուսումնասիրում են տեսագրությունը, որում պնդվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «մարտնչող առցանց համայնքը»։

ԱՄՆ-ում, սենեգալյան ծագմամբ ամերիկացի քաղաքացին, որը այս ամսվա սկզբին Թեքսասի մայրաքաղաք Օսթինում սպանել էր երկու մարդու, սոցիալական ցանցերում «իրանամետ տրամադրություններ» է արտահայտել, հայտնում է SITE Intelligence Group-ը:

Մի շարք եվրոպական հետախուզական գործակալություններ Իրանին մեղադրել են գաղտնի գործողություններ իրականացնելու համար գործակալների և հանցագործների ցանց պահպանելու մեջ։ Անցյալ ամիս Նորվեգիայի PST անվտանգության ծառայությունն իր տարեկան սպառնալիքների գնահատման մեջ նշել է, որ Իրանը, որը համարվում է երկրի համար հիմնական սպառնալիքներից մեկը, կարող է ապավինել «միջնորդներին», ներառյալ՝ «հանցավոր ցանցերին», իր գործունեությունն իրականացնելու համար։

2024 թվականին ավստրիական DSN հետախուզական ծառայությունը զեկույցում գրել է, որ «հանցավոր ցանցերն ավելի ու ավելի են փոխարինում իրանական ծառայություններին արտասահմանում բռնի հարձակումներ իրականացնելիս», և պետք է ենթադրել, որ «այս նոր ռազմավարությունը կակտիվանա»։

Միջազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Թոմաս Ռենարդը կարծում է, որ Թեհրանի համար «ամենահեշտը կլինի կապ հաստատել այս հանցավոր ցանցերի հետ»։

Սակայն Իրանը կարող է նաև ակտիվացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կամ լիբանանյան Հըզբոլլահ շարժման հետ կապված եվրոպական շրջանակներին, որոնք իրենց տարածքում պայքարում են Իսրայելի դեմ։

Ամերիկացի հետազոտող Մեթյու Լևիթը պնդում է, որ Իրանը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ընդամենը մի քանի ամիս անց արտասահմանում դավադրություններ է իրականացրել այլախոհների, լրագրողների, օտարերկրյա պաշտոնյաների և այլոց դեմ։