ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բախվել է Հորմուզի նեղուցը նորից բացելու փորձերի տարբերակների բարդությանը՝ կենսականորեն կարեւոր այդ ծովային երթուղում Իրանի կողմից լցանավերին հասցվող հարվածների ֆոնին, գրել է The Hill-ը։

Ուրբաթ երեկոյան Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը զանգվածային հարվածներ է հասցրել Խարգ կղզուն, որը Իրանի նավթի արտահանման կարեւոր կենտրոնն է, ինչը, կարծես թե, նախազգուշացում է այն մասին, թե ինչ կարող է պատահել Թեհրանի հետ։

Բայց ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հրամայել է զինվորականներին հարվածներ չհասցնել Իրանի նավթային ենթակառուցվածքին։ Խարգ կղզին գտնվում է Հորմուզի նեղուցի հյուսիս-արեւմուտքում, որը դարձել է ռազմական գործողությունների կիզակետ։

Ջրային ճանապարհով նավերի անցման ռազմածովային ուղեկցումը կարող է թանկ արժենալ եւ ռիսկային լինել, այն դեպքում, երբ Իրանի ափամերձ գիծն ապահովելու համար ցամաքային ուժերի օգտագործումը կնշանակեր սրացում եւ քաղաքական առումով ոչ պոպուլյար շրջադարձ երկրում ամերիկա-իսրայելական պատերազմում։

Ինչպես ընդգծել է լրատվամիջոցը, համաշխարհային գների աճի պայմաններում նավթային ճգնաժամից խուսափելու ցանկացած տարբերակ կրում է նոր զոհերի մեծ ռիսկ։

Նեղուցի բացումը, սակայն, պատերազմի բանակցային ավարտի միջոցով, կապված է մի շարք խնդիրների հետ։ Այդ ուղին իրանական ռեժիմին թողնում է իր տեղում եւ նրա միջուկային նյութերն էլ՝ նրա տրամադրության տակ, ինչը դժվարացնում է հաղթանակ հայտարարելը ԱՄՆ-ի համար՝ հիմնվելով Թրամփի հայտարարած նպատակների վրա։

Ծովային ռազմավարության կենտրոնի նմասնագետ եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմավարության եւ քաղաքականության փորձագետ Սթիվեն Ուիլսը ասել է, որ զինվորականներն ունեն մի քանի տարբերակ․ գրավել Խարգ կղզին, որին բաժին  է ընկնում Իրանի նավթի մատակարարումների 90 տոկոսը, որպեսզի ռեժիմին ստիպի դադարեցնել նեղուցի փակումը, կամ՝ ռազմածովային նավատորմը կարող է անել հետեւյալը՝ ուղեկցել առաքելությունները նեղուցով, բայց միայն այն դեպքում, եթե ականները վնասազերծվեն։ «Դա բարդ է, խառնաշփոթ, ստիպված կլինենք ամեն անգամ մեկ ականի հարց լուծել։ Կարծում եմ՝ դա ավելի դժվար խնդիր է ռազմածովային նավատորմի համար»,- ուրբաթ օրը The Hill-ին ասել է Ուիլսը։

Իր հերթին, Mare Liberum ընկերության գլխավոր գործընկեր եւ ԱՄՆ ռազմածովային ակադեմիայի շրջանավարտ Էրիկ Բեթելը հայտնել է, որ լցանավերի անվտանգ անցումն ապահովելու համար ԱՄՆ զինված ուժերը պետք է ոչնչացնեն ոչ միայն Իրանի նավատորմն ու ինքնաթիռները, այլեւ անօդաչու թռչող սարքերը։

«Խնդիրն այն չէ, որ մենք աշխարհի լավագույն նավատորմը չունենք։ Խնդիրն այն է, որ մենք բախվում ենք մեր հակառակորդների ասիմետրիկ գործողություններին։ Մենք բազմամիլիոնանոց հրթիռներով խփում ենք 50 հազար դոլարանոց անօդաչու թռչող սարքեր։ Մենք նեղուցներով անցկացնում ենք 100 միլիարդ դոլարանոց նավատորմ, եւ վնաս պատճառելու համար բավական է ընդամենը մեկ կամ երկու կամիկաձե անօդաչու կամ մեկ կամ երկու անօդաչու թռչող սարք օդից»,- ասել է Բեթելը The Hill-ի հարցազրույցում։