Շաբաթ օրը անհայտ անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Իրաքի հարավում գտնվող Բասրա նահանգի «Մաջնուն» նավթային հանքավայրին՝ թիրախավորելով ամերիկյան KBR էներգետիկ ընկերության գրասենյակները։ Այս մասին հայտնում է Shafaq News-ը՝ հղում անելով Բասրայի անվտանգության ծառայության բարձրաստիճան աղբյուրին:

Հարվածի հետևանքով նյութական վնաս է հասցվել և հրդեհ է բռնկվել, որը հետագայում հաջողվել է մեկուսացնել և վերահսկողության տակ առնել:

Շաբաթ օրը «Մաջնունի» ուղղությամբ տեղի ունեցած հարվածը՝ առնվազն հինգերորդն է եղել ամերիկա-իսրայելական և իրանական պատերազմի մեկնարկից ի վեր: Նախորդ հարձակումների ժամանակ վնասվել էին հանքավայրի տարածքում գտնվող կապի աշտարակը և KBR ընկերության գրասենյակը:

Անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ միջադեպերից և ոչ մեկի ժամանակ զոհեր կամ լուրջ նյութական կորուստներ չեն արձանագրվել: