Սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը տեղյակ չէր, որ Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 4-ին ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը: NEWS.am-ի հետ զրույցում գործարարը համոզմունք հայտնեց, որ այս պատմության վերջը մոտենում է:
«Եթե Աշոտ Սուքիասյանին բերում են, նա պիտի լրիվ ասի, թե գումարներն ում է տվել, չնայած պարզ երեւում է, թե այդ գումարներն ուր են գնացել: Հույս ունեմ, որ Աշոտ Սուքիասյանն ամեն ինչ կասի: Բացի դրանից ինձ էլ կկանչեն Աշոտի հետ առերեսման, կհարցաքննեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին»,- ասաց նա:
Չնայած Աշոտ Սուքիասյանը շուտով Հայաստանում կլինի, Փայլակ Հայրապետյանը շարունակում է նամակներ գրել ՀՀ Գլխավոր դատախազին, նախագահին, վարչապետին՝ խնդրելով հարցաքննության կանչել օֆշորային սկանդալի «հերոսներին»՝ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին. «Նամակ եմ գրել քննչականի պետին, որ վարչապետին կանչեն քննության, քանի որ պատրաստվում է փախչել Հայաստանից, բայց արդյունք չկա: Չորս փաստաբան ունեմ, բայց նորից անօգուտ է, ոչ մեկը չի կարողանում այնպես անել, որ նրանց ոստիկանություն կանչեն: Հունիսի 5-ին էլ պատրաստվում եմ նորից նամակներ ուղարկել Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին եւ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի բոլորին քննեն»:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:




























