Հայաստանում գիտության խնդիրների եւ գիտության ֆինանսավորման թեման վերջերս բավական արդիական եւ հրատապ է դարձել, հատկապես այն բանից հետո, երբ ի հայտ եկան մի շարք հաղորդագրություններ միջազգային ասպարեզում հայ գիտնականների հաջողությունների մասին գիտության չնչին ֆինանսավորման պարագայում։ NEWS.am-ն այս թեմայով ներկայացնում է հարցազրույց ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Նեյրոնային համակարգերի մաթեմատիկական մոդելավորման լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

Մաս առաջին՝ Գիտության ֆինանսավորում

Ձեր նախորգ հարցազրույցներում դուք նշել եք Հայաստանում գիտության գրեթե բոլոր հիմնախնդիրները, նշելով եւ պետական քաղաքականության բացակայությունն այս ասպարեզում, եւ խղճուկ ֆինանսավորումը, եւ կադրերի արտահոսքը, եւ, ի հետեւանք այս բոլորի, նոր երիտասարդ կադրերով մեր գիտության չհամալրվելը։

Պաշտոնյաները իրենց բացատրություններն ունեն այս հաշվով, այն է՝ բյուջեում փող չկա, ինստիտուտներ պահելը թանկ արժե, իսկ գիտնականները ոչինչ չեն անում եւ ոչ մի արդյունք չեն տալիս։ Դա իրոք այդպե՞ս է։ Ձեր կարծիքով, որքա՞ն պետք է ստանա գիտնականը, որպեսզի չմեկնի Հայաստանից եւ իր տանը զբաղվի սիրած գործով։ Արդյո՞ք դա այդքան մեծ գումար է, որն այս պետությունի չունի։

Փող չլինելու հեքիաթներին այլեւս ոչ ոք չի հավատում։ Եւ այդ առասպելը բարեհաջող փարատեց հենց կառավարությունը, վճարելով կես միլիոն դոլար մրցանակ արտասահմանյան գիտնականներին ամեն երկու տարին մեկ։ Թեկուզ առանց դրա էլ, բավական է շուրջդ նայես ու տեսնես, որ փող կա։ Ուղղակի գումարային հոսքերը այնպես չեն պտտվում, ինչպես պետք է լիներ թեկուզ կապիտալիստական տնտեսության օրենքներով։ Ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ ցանկացած միջոցներ, որոնք ընկնում են հասարակ քաղացիների ձեռքը (տրանսֆերտներ, գրանտներ, փոքր բիզնեսից կամ գյուղատնտեսությունից առաջացած գումար), առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համակարգի միջոցով անմիջապես հայնտվեն պաշտոնյա-օլիգարխների գրպաններում: Նրանք էլ այդ գումարները Հայաստանի արդյունաբերության զարգացման մեջ ներդնելու փոխարեն գնում են գործարաններ արտասահմանում, կանխիկ հարյուրավոր միլիոններ վճարելով եւ ապշեցնելով նման բան չտեսած արտասահմանյան «կապիտալիստներին»։ Բայց սա առանձին եւ ծավալուն թեմա է։ Ասեմ միայն, որ իսկզբանե, անկախացումից հետո, Հայաստանի տնտեսությունը զարգացել է ոչ այնպես, ինչպես պետք է զարգանար (հակառակ դեպքում գիտության ֆինանսավորման խնդիրն էլ չէր ծագի), եւ դրա պատճառն է, իմ համոզմամբ, ղեկավարության տարրական տգիտուտությունը (նույնիսկ, ագահությունն էլ չէ,  քանի որ տնտեսության ճիշտ զարգացման դեպքում նրանք էլ շատ ավելի հարուստ կլինեին, քան հիմա են, բայց նրանք այդքանը չեն հասկանում, ոչ էլ ունակ են հասկանալ)։ 

Ինչ վերաբերում է նրան, որ ինստիտուտների վրա շատ գումարներ են ծախսվում` հիմա դա էլ այդպես չէ։ Նույնիսկ ջեռուցման համար փող չեն տալիս։ Ձմռանը սառչում ենք, ամռանը՝ շոգից խեղդվում, քանի որ էլեկտրականությունը խնայելու պատճառով արգելվում է օդորակիչ միացնել։ Դե, եթե փողի հարցը այդպես ծանր է, թող կառավարական շենքերն ել չջեռուցվեն ու չօդորակվեն։

Բայց նորմալ պայմաններում՝ այո, ինստիտուտների վրա պետք է մեծ գումարներ ծախսվեն։ Ժամանակակից գիտությունն անհնար է առաջ տանել առանց գումար ծախսելու։ 

Գիտնականները ոչինչ չե՞ն անում եւ արդյունք չե՞ն տալիս։ Սա էլ է մի առանձին եւ ծավալուն թեմա։

Առաջինը, այն պաշտոնյաները, որոնք այդպիսի բան են ասում, գաղափար անգամ չունեն եւ չեն էլ կարող ունենալ այն մասին, թե ինչ է նշանակում գիտության մեջ ինչ որ բան անելը եւ արդյունք տալը։ Դրա համար հարկավոր է գոնե նվազագույն ինտելեկտ ունենալ, իսկ այդպիսինները «վերեւներում» մի քանիսն են միայն, որոնք ի վիճակի չեն լուրջ դիմադրություն ցուցաբերել մարտնչող եւ համատարած հիմարությանը։

Իսկ մեր պետական մարմինների ռազմավարությունն այս հարցում կարելի է նկարագրել հետեւյալ անալոգիայի միջոցով։ Պատկերացրեք մեկին, ով դադարեցնում է ջրել ծառը։ Ծառը, բնական է, սկսում է չորանալ եւ այլեւս բերք չտալ։ Երբ ավելի խելացի մարդիկ ասում են նրան, թե ծառը պետք է ջրել, այլապես այն ամբողջովին կչորանա, նա պատասխանում է, թե ինչո՞ւ ջրեմ, չէ որ այն բերք չի տալիս, դրանից ոչ մի օգուտ չկա։ Դուք կասեք, որ այդ մարդը հիմար է։ Հասկացող մարդկանց համար՝ այո։ Իսկ իր տեսանկյունից՝ նա իր տրամաբանությունն ունի: Այդ ծառի բերքից նա երբեք ոչինչ չի հասկացել եւ այդ պատճառով էլ ոչ մի իմաստ այդ բերքի մեջ չի տեսել։ Իսկ փայտից նա լավ է հասկանում։ Եւ երբ ծառը չորանա, նա կկարողանա կտրել այն եւ օգտագործել փայտը, օրինակ, մի դղյակ կառուցել դրանից կամ վաճառել որպես վառելանյութ:

Եւ այս ամենը, ցավոք, վերաբերում է ոչ միայն գիտությանը, այլ եւ մեր ամբողջ երկրին...

Երկրորդը՝ ցանկացած բնագավառում, հասարակության ցանկացած շրջանակում, հատկապես, եթե դա պետական հատվածն է, միշտ կան մարդիկ, որոնք ոչինչ չեն անում կամ անում են ոչ այն, ինչ պետք է անեն։ Բայց հավատացեք` հենց որ գիտական ղեկավարի ձեռքում հայտնվի նորմալ գումար որեւէ գիտական նախագիծ իրականացնելու համար, ոչինչ չանող բալաստը, եթե նույնիսկ մնա, այդ գումարից ոչ մի լումա չի տեսնի, քանի որ նախագիծը ժամանակին եւ բարձր մակարդակով կատարելու համար պետք են ակտիվ եւ շատ աշխատող մարդիկ։ Հակառակ դեպքում հաջորդ տարի ակնկալիք այլեւս լինել չի կարող։ Այնպես որ, ոչինչ չանողները էլ ոչ մեկին պետք չեն լինի ։

Երրորդը, եւ ես այդ մասին նախկինում էլ եմ խոսել՝ ինչքա՞ն կարելի է աշխատել միմիայն էնտուզիազմով, առանց գոյատեւման տարրական միջոցների։ Այդ պայմաններում ոմանց մոտ էնտուզիազմն է կորում, մյուսների էլ (եւ դրանք մեծամասնությունն են կազմում)` «բենզինը» (այսինքն, գոյության միջոցները, սարքավորումներ եւ նյութեր ձեռք բերելու կամ նորոգելու միջոցները, եւ այլն)։ Եւ նրանք ստիպված են լինում թողնել գիտությունը ու զբաղվել մի այնպիսի բանով, որը կապահովի իրենց նվազագույն պահանջները։ Կամ էլ զբաղվել գիտությամբ այնտեղ, որտեղ դրա համար վճարում են։

Եւ այդուհանդերձ, կան բազմաթիվ գիտնականներ, որոնք բոլորին ու ամենին հակառակ ինչ-որ բան անում են եւ անում են շատ լավ, տալիս են նշանակալից արդյունքներ։

Այնպես որ, պնդումը, թե գիտնականները ոչինչ չեն անում եւ արդյունք չեն տալիս, ընդհանուր առմամբ` սխալ է։

Հիմա փողի մասին։ Կարծում եմ, որ կենցաղային եւ սոցիալական արդարության եւ կարգավիճակի նվազագույն մակարդակն ապահովելու համար Հայաստանում գիտնականները պետք է ստանան ամսական միջինը 300-400 հազար դրամ աշխատավարձ (օրինակ` սկսնակները՝ 200 հազար, առաջատար գիտաշխատողը՝ 500 հազար)։

Միայն այդ դեպքում գիտնականը կմտածի արտասահման չգնալու եւ սեփական տանը սիրած գործով զբաղվելու մասին։ Բայց աշխատավարձը դա ամենեւին բոլորը չէ։ Հարկավոր են համապատասախան աշխատանքային պայմաններ։ Իսկ դա նշանակում է՝ թանկարժեք սարքավորումներ, ոչ պակաս թանկ նյութեր եւ այլն։ Բացի այդ, գիտնականը պետք է հնարավորություն ունենա գոնե երկու տարին մեկ անգամ մեկնել միջազգային համաժողովների, ինչը, իմ համոզմամբ, գիտնականի աշխատանքի կարեւոր եւ անհրաժեշտ մասն է: Հենց այդ գիտաժողովների ժամանակ են ծնվում նոր գաղափարներ, նոր կապեր, նոր համագործակցություն եւ, որպես արդյունք, նոր դրամաշնրոհներ եւ լրացուցիչ գումարներ։

Այնպես որ, քիչ գումար չի լինի, բայց ոչ էլ այնքան շատ, որ հնարավոր չլինի հայթայթել։ Իհարկե, դա դարձյալ հնարավոր կլինի պետական միջոցները ճիշտ բաշխելու եւ ծախսելու դեպքում։ Ես համարում եմ, որ միջոցների մի մասը պետք է ապահովի նվազագույն կայուն ֆինանսավորումը (ասենք, 200-250 հազար դրամ նվազագույն աշխատավարձը), իսկ մնացածը կարող են բաշխվել պետական դրամաշնորհների տեսքով, բայց ոչ չնչին գումարներով, այլապես գիտնականները հզոր խթան չեն ունենա նոր հետաքրքիր նախագծեր ներկայացնելու եւ իրականացնելու համար։ Այստեղ, իհարկե, կարող են բազմաթիվ վեճեր ծագել պետական դրամաշնորհների բաշխման մեխանիզմների վերաբերյալ (մասնավորապես, այժմ կիրառվող, Գիտության կոմիտեի միջոցով), բայց մեխանիզմները եւս  առանձին թեմա է, իսկ ես ասում եմ սկզբունքի մասին, որն ի դեպ, իրականցվում է արեւմտյան երկրներում։

Վերադառնալով այն հարցին, թե որտեղից գումարներ գտնել, չեմ կարողանում զսպել ինձ եւ չբերել մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես են մեզ մոտ գումարները զուր վատնում եւ մի քանի անգամ ծախսում նույն բանի վրա, որը ի վերջո չի էլ իրականացվում կամ օգտագործվում։ Երբ վերջերս այժմյան գյուղնախարարը հայտարարեց, թե նախարարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է ստեղծել Հայաստանի գյուղական համայնքների վերաբերյալ տվյալների համապարփակ բազա եւ որ դա ստեղծելու համար անհրաժեշտ են զգալի գումարներ (եթե չեմ սխալվում, խոսքը մի քանի հարյուր հազար դոլարի մասին էր), ես, մեղմ ասած, ապշեցի։ Չէ՞ որ գյուղատնտեսության նախարարությունն այդպիսի տվյալների բազա ունի։ Պետք է ունենա։ Ասում եմ այսպես վստահ, որովհետեւ ես ինքս եմ գրել այն իմ գործընկերների հետ եւ հանձնել այս նախարարի նախորդին։ Այդ տվյալների բազան ի սկզբանե ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայկական գրասենյակի պատվերով եւ պարունակում էր մանրամասն տեղեկություններ Հայաստանի բոլոր համայնքների մասին, ներառյալ աշխարհագրական եւ ժողովրդագրական տվյալները, բոլոր տեսակի անասունների եւ թռչունների գլխաքանակը, հողատարածքը իր կադաստրային դասակարգմամբ, օգտագործման աստիճանով, ոռոգման աստիճանն ու տեսակները, գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը եւ քանակը ըստ տեսակների, անասնաբուժական ծառայությունների, դպրոցների, մանկապարտեզների, բուժհիմնարկների եւ ակումբների առկայությունը, այնուհետեւ, ամենամյա կտրվածքով, ոռոգման նպատակով օգտագործված ջրի քանակը, արժեքը, օգտագործված սերմնանյութի եւ տնկանյութի քանակը, բոլոր տեսակի հավաքված բերքի քանակը, եւ շատ ուրիշ տվյալներ, նույնիսկ, տնտեսությունների կողմից բանկերից վերցրած վարկերը։  Այս բազայի ծրագրի ստեղծման վրա մենք ծախսեցինք մոտ մեկ տարի, համայնքների բոլոր տվյալները մանրակրկիտ հավաքել են IFAD-ի գրասենյակի աշխատակիցները։ Եւ այս ամենի վրա ծախսվել է շատ անգամ ավելի քիչ գումար, քան հիմա պահանջում է նախարարը։ Այնուհետեւ, ծրագրում որոշ փոփոխություններ ու ավելացումներ անելուց հետո այդ բազան փոխանցվել է գյուղատնտեսության նախարարությանը, անձամբ այն ժամանակվա նախարարին։ Այդ օրը, հիշում եմ, մի զավեշտալի միջադեպ տեղի ունեցավ։ Այդ ամբողջ ահռելի քանակի ինֆորմացիան, ծրագրի հետ տեղավորվեց մի ոչ անքան մեծ ծավալի ֆլեշ սարքի վրա։ Երբ նախարարի օգնականը տեսավ այդ փոքրիկ սարքը, ապշեց՝ «Էս սաղ ինֆորմացիան տեղավորվելա ես պուճուր բանի մե՞ջ»։ Այո, պատասխանեցինք մենք։ Նա գլուխը քորեց ու ասաց՝ «Նախարարը չի հավատա։ Եկեք գոնե լազերային սկավառակի վրա գրենք»։ Ստիպված էինք նախարարությունով վազվզել որպեսի գտնենք, թե որտեղ կարող ենք արտագրել։ Եւ միայն արտագրելուց հետո լազերային սկավառակը հանդիսավոր հանձնեցինք նախարարին։ Նախարարությանը միայն մնում էր ճշգրիտ եւ ժամանակին թարմացնել բազայի ինֆորմացիան, եւ նրանք միշտ ձեռքի տակ կունենային Հայաստանի գյուղատնտեսության լիարժեք պատկերը։

Եւ ի՞նչ։ Ու՞ր է հիմա այդ ծրագիրը։ Որտե՞ղ կորավ։ Ինչո՞ւ այն չեն օգտագործել ու չեն օգտագործում։ Նշում արեցին, հաշվետվություններում գրեցին, որ մեծ գործ է կատարվել, փողը դուրս գրեցին (մեր եւ ձեր փողը, ի միջի այլոց), եւ վերջ, ցտեսությո՞ւն։ Կարելի է դեն նետել աղբանո՞ց։ Հիմա ո՞վ է զբաղված ոչինչ չանելով։ Գիտնականնե՞րը, որոնք ոչինչ չեն ստանում, թե՞ այդ մինիստրները իրենց մինիստրություններով, կոմիտեներով եւ կոմիտեիկներով, որոնք բարձր աշխատավարձ են ստանում, որը հանվում է իմ ու ձեր գրպանից։ Եվ կա՞ արդյոք վստահություն, որ նոր ծրագիրը նույն ճակատագրին չի արժանանա։ Ինձ թվում է, այս եւ հենց այս հարցերը պետք է առաջին հերթին լրջորեն հետաքրքրեն Հայաստանի վերահսկիչ պալատին, այլ ոչ թե այն մանրուքը, որով նրանք զբաղված են։ Չնայած, դրանք նույն թիմից են. ի՞նչ կարող ենք նրանցից պահանջել...

Այսքան ասածիս ամփոփումն այն է, որ բյուջետային ու արտաբյուջետային միջոցների ազնիվ, խելամիտ, ճիշտ եւ խնայողաբար բաշխման դեպքում կհայթայթվի գիտությանն անհրաժեշտ ֆինանսավորումը։

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը առաջարկել է գոնե պահպանել ամբողջ աշխարհում ընդունված ՀՆԱ – բյուջե – գիտություն հարաբերակցությունը։ Զարգացած երկրներում գիտության համար հատկացվում է ՀՆԱ-ի 1-3%, Հայաստանում՝  0,25%։ Դուք այս պահանջի հետ համաձա՞յն եք եւ իրակա՞ն է այն արդյոք։

Ես հիշոմ եմ, ժամանակին (կարծեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք) գիտական հասարակության կողմից բազմաթիվ դիմումներից հետո գիտության մասին օրենք ընդունվեց, ըստ որի գիտության համար պետք է տրամադրվեր պետբյուջեի 3%, սակայն ցավոք այդ օրենքը երբեք չկիրառվեց, իսկ հետո, կարծեմ, այն ընդհանրապես հանեցին։

Ես, անշուշտ, համաձայն եմ նախաձեռնության պահանջի հետ։ Եւ համարում եմ, որ այն իրական է։ Արդեն ասացի, որ անհրաժեշտ գումարները, անկասկած, կան, կամ դրանք հնարավոր է հավաքել, կրճատելով բազմաթիվ անհիմն, իմ տեսակետից, ծախսերը զանազան «պրոժեկտների» վրա, որոնք հիմա իրականացվում են։  Օրինակ, վերջերս անցաց DigiTech 2012 ֆորումի ժամանակ տեղեկացա, որ մեր կառավարությունը վարձել է, եթե չեմ սխալվում, կորեացի մասնագետների, որ նրանք հետազոտեն (այո, միայն հետազոտեն) Հայաստանում կենտրոնացված բժշկական տվյալների բազայի ստեղծման հարցը։ Չեմ վիճում, գուցե եւ Հարավային Կորեան ուղղակի արտակարգ է այդ հարցում։ Բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան փող է վճարվել։ Եվ սա այն պարագայում, որ երբ տարիներ առաջ մեր մասնագետները նույն գաղափարներով եւ առաջարկներով դիմում էին հիվանդանոցներին եւ կառավարական ատյաններին, նրանց «տշում էին»։ Լավ, ենթադրենք, տարիներ առաջ դեռ հասունացած չէին այդպիսի բաների համար, հիմա հասունացել են։ Բայց մեկ է, ինչո՞ւ Հարավային Կորեա։ Ինչո՞ւ ոչ մերոնք։ Որովհետեւ մերոնք արդեն նստած են Մայքրոսոֆթո՞ւմ, Գուգլո՞ւմ, վատագույն դեպքում` Մոսկվայո՞ւմ կամ նույն Հարավային Կորեայո՞ւմ։ Է, փնտրեք, գտեք, վերադարձրեք, եւ ոչ թե միայն խոսքերով, այլ գործով։ Չգիտե՞ք, որտեղ փնտրել։ Հարցրեք ինձ, ես կտամ ցուցակը։ Իմ բնագավառում, իհարկե։ Բայց նույն կերպ կարելի է ինֆորմացիա հավաքել բոլոր բնագավառներում։ Հիշեցնեմ, որ Հայաստանը ավտոմատացված համակարգերի նախագծման եւ մշակման բնագավառում (ինչին վերաբերվում է եւ ընդհանուր բժշկական տվյալների բազան) առաջատար դիրքերում էր նախկին Խորհրդային Միությունում։ Ռուսական օդային ուժերը մինչեւ այժմ օգտագործում են հայկական կառավարման համակարգը։

Ի դեպ, ցանկացած արտասահմանյան երկրում արտասահմանցի մասնագետ վարձելու համար պահանջվում է շատ լուրջ հիմնավորում, ու պիտի ապացուցվի, որ տվյալ երկրում նման մասնագետ գտնել հնարավոր չէ։ Եւ դա օրենք է։ Այ թե ինչ է նշանակում մտահոգվել սեփական կադրերի մասին։ Մեր «վերեւները» պետք է հասկանան, որ «Չես կերակրի քո սեփական բանակը՝ կկերակրես ուրիշինը» ճշմարտությունը վերաբերում է ոչ միայն բանակին բառիս բուն իմաստով, այլ բոլոր մասնագիտություններին ու մասնագետներին։

Այնպես որ, կարծում եմ, նախաձեռնության պահանջը իրական է եւ կատարելի։ Իսկ եթե դրա հետ մենք ճիշտ կազմակերպենք գիտությանը հատկացված գումարների ծախսը (իսկ մենք այդպես էլ կանենք), դրանք կսկսեն «ջուր լցնել» մեր` հայկական տնտեսության «ջրաղացին», զարգացնելով բարձր տեխնոլոգիական ճյուղերը։ Չէ որ, օրինակ, ի՞նչն է հանդիսանում բարդ համակարգչային ծրագրերի հիմնական սպառողը։ Իհարկե, դա գիտությունն է, գիտական հետազոտությունները։ Ահա եւ մեր ՏՏ ոլորտի զարգացման խթան՝ չէ որ հայկական ծրագրային ապահովումը բացարձակապես չի զիջում արտասահմանյանին եւ այն դեռ ավելի էժան է։ Նույնը կլինի եւ սարքաշինության ոլորտում (թող տարօրինակ չթվա, բայց այս ոլորտում նույնպես դերեւս Հայաստանում կան լավ մասնագետներ), եւ դեղագործության ոլորտում... Զուգընթաց դրական էֆեկտները շատ կլինեն, ես դրանում համոզված եմ։

Զրուցեց Անահիտ Սարգսյանը