Գորիսի «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով երեկ՝ հուլիսի 14-ին, քննչական կոմիտե է ներկայացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդին՝ Էյներ Խաչատրյանը: Խաչատրյանների փաստաբան Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Էյներ Խաչատրյանը գործում ընդգրկված է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Փաստաբանից տեղեկացանք նաեւ, որ Էյներ Խաչատրյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ օգտվելով իր դատավարական իրավունքից:
Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, ով առավել հայտնի է որպես Աղալար, ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Այս գործով հետախուզման մեջ է գտնվում Սյունիքի մարզպետի զարմիկը՝ Մայիս Խաչատրյանը: Իսկ
Հիշեցնենք, մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները․ կոտրել էին Մուշեղ Զաքաչյանի քիթը, իսկ նրա եղբայրը՝ Հարութ Զաքարյանը զրկվել էր մեկ աչքի տեսողությունից։
Այս պահին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձանց՝ հիմնականում մարզպետի մերձավոր շրջապատից։ Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվող զարմիկն է, ով հանրությանը հայտնի է իր քրեական անցյալով:
2004 թվականին Մայիս Խաչատրյանը դանակի 12 հարվածով սպանել էր 30-ամյա մի երիտասարդի, դատապարտվել 12 տարվա ազատազրկման, սակայն վաղաժամ ազատվել էր պատժից։




























