ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝ նախօրեին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը քաղաքական պատվեր է կատարում՝ հայտարարելով, թե իրեն ծեծողներից մեկն իր թիկնազորից է:
«Դա իրականությանը չի համապատասխանում, նա զրպարտում է ինձ, հասկացեք: Նա ուղղակի քաղաքական պատվեր է կատարում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը նաեւ հերքեց ազատամարտիկի պնդումները, թե երեք ամիս առաջ իրենց միջեւ քաղաքական հարցերի շուրջ բանավեճ է եղել, որից հետո Հայրապետյանը սպառնացել է հաշվեհարդար տեսնել Հակոբյանի հետ:
«Նման բան չի եղել: Եթե հետաքրքրվեք իրա շրջապատով, իրա կենսագրությամբ, կիմանաք՝ ինքը հայտնի ստախոս, խարդախ, խաբեբա մարդ է եւ զրպարտում է»,-ասաց Հայրապետյանը:
Ռուբեն Հայրապետյանը վերջում խորհուրդ տվեց համոզվելու համար ստուգել՝ իր թիկնազորում Տիգրան անունով աշխատակից կա՞, թե ոչ:
«Իմ թիկնազորում Տիգրան անունով մարդ չկա: Եթե դուք ինձ չեք հավատում, գնացեք ստուգեք: Իմ թիկնազորը ոստիկանության աշխատողներ են պայմանագրով օֆիցիալ ձեւակերպված»,-ասաց ՀՖՖ նախագահը:
Նշենք, որ ազատամարտիկը լրագրողներին ասել էր, թե վստահ չէ` Տիգրանն այժմ ՀՖՖ նախագահի թիկազորում է, թե ոչ, բայց գիտի, որ ժամանակին Ռուբեն Հայրապետյանի համար է աշխատել։ Տիգրանը հրավիրվել է ոստիկանություն։
Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ցուցում է տվել՝ քրեական գործ հարուցել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ քրեական գործ կհարուցվի Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ինմի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութերը դեռ չեն ուղարկվել Քննչական կոմիտե:




























