Երկու տարի առաջ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նախաշեմին, մեր ներկրողները թեթեւ մարդատար ավտոմեքենաների ներմուծման ռեկորդ սահմանեցին: Դրան հետեւեց լուրջ անկումը: Այսպես. ընթացիկ տարվա հունվար-հունիսին «ընդամենը» 6.8 հազար թեթեւ մարդատար ավտոմեքենա է ներկրվել, ինչը 3.5 անգամ պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:

Դատելով միջին մաքսային արժեքից (4.9 հազար դոլար՝ մեկ մեքենայի համար)՝ հիմնականում օգտագործված մեքենաներ են ներկրվել: Դա, իհարկե, նորություն չէ: Այստեղ առաջատարը Գերմանիան է, որտեղից ներկրված մեքենաները, մի շարք գործոնների պատճառով, քիչ բանով են զիջում նոր մոդելներին: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստան ներկրված մեքենաների ընդհանուր թվում դրանց մասնաբաժինը կազմել է գրեթե 46%: Երկրորդ տեղում Ճապոնիան է (35%-ից քիչ ավելի), իսկ Ռուսաստանին բաժին է հասել 4%-ից էլ պակաս: Մնացյալ մեքենաները փոքր խմբաքանակներով ներկրվել են բազմաթիվ այլ երկրներից:

Ավտոմեքենաների պարկի աճը ենթադրում է վառելիքի վաճառքի համարժեք աճ: Նախ նշենք, որ ԵՏՄ շրջանակում մի շարք ապրանքների մասով (այդ թվում՝ բենզինի եւ դիզվառելիքի) մաքսավճար չի գանձվում: Այսինքն՝ դրանց մանրածախ գնի նվազման հնարավորություն կա:

Հունվար-հունիսի ցուցանիշները համեմատենք՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից առաջ եւ հետո: Հանրապետության մանրածախ ցանցերում Regular տեսակի բենզինի միջին գինը երկու տարվա ընթացքում նվազել է 19.2%-ով, դիզվառելիքինը՝ 23.2%-ով: Գների նման անկումը պետք է հանգեցնել դրանց վաճառքի, հետեւաբար՝ նաեւ ներկրման աճին: Սակայն, դատելով պաշտոնական թվերից, ավելացել է միայն բենզինի ներկրումը (ավելի քան 9.5 հազար տոննայով կամ 16.7%-ով): Իսկ ահա դիզվառելիքի ներկրման ծավալը կրճատվել է (12.4 հազար տոննայով կամ 17.7%-ով):

Այլընտրանքային վառելիքի՝ սեղմված գազի մասով նույնպես տեղաշարժ կա: Նշված ժամանակահատվածում հանրապետության ավտոգազալցակայաններին գազի մատակարարումները կրճատվել են 6.5 մլն խ.մ.-ով (կամ 3%-ով): Նշենք, որ նույն ժամանակահատվածում 1 խմ-ի գինը մայրաքաղաքում թանկացել է 9.5 դրամով:

Հայտնի է, որ սեղմված գազի առավելությունը համեմատական էժանության, իսկ թերությունն ավտոմեքենայի շարժիչի հզորության նվազման մեջ է: Հասկանալի է, որ բենզինի գնի նվազման հետ միասին գազի նշված առավելությունը փոքր-ինչ նվազել է:

Սմբատ Գրիգորյան