News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մատենադարանում եւս մի ազգային արժեք՝ 1471 թվականին Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը, հանգրվանեց աշխարհի ապահով տեղում՝ հայկական ձեռագրերի կողքին: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Ավետարանի ցուցադրության եւ նվիրատուների պարգեւատրման արարողության ժամանակ ասաց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Նրա խոսքով, 1920-ական թվականներին Մատենադարանի ձեռագրերի քանակը 4 հազարը հազիվ էր անցնում, այսօր հասել է 22 հազարի, շնորհիվ աշխարհասփյուռ հայության նվիրատուների, իսկ այսօր ավելացավ եւս մեկով:

Ավետարանի նվիրատուն՝ Հռիփսիմե Դադայանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ նշանակություն է ունեցել Ավետարանն իր գերդաստանի համար: «Հայեր, քուրդեր, կերթային այդ Ավետարանին քով, կուզեին, որ տերտերը կարդա, որ իրենք բուժվին, եւ կհավատային: Մեծ մայրս էլ Սուրբ Գեւորգ եկեղեին կերթար, գիտեր որ Ավետարանը հրագագործ է, ատոր համար սուրբի պես, իր զավկին պես պահած եւ գուրգուրած էր մինչեւ մահը: Օտար ափերուն մեջ, ամեն շաբաթ իրիկուն, այդ Ավետարանին քովը մոմ մը կվառեր, կաղոթեր ամեն մարդու, զինվորներու, բանտարկյալնելու համար, հայրս ու մայրս իրմե սորվեցան, թե ինչպես հոգ տանեն գրքի մասին, ես ալ իրենցմե սորվեցա»,- ասաց տիկին Դադայանը՝ շեշտելով, որ բնավ դժվար չէր հրաժարվել իրենց համար թանկ մասունքից: «Երբ ազատ Հայաստան ունինք, հոյակապ Մատենադարան, որոշեինք Ավետարանը վերադարձնենք հայ ժողովրդին: Գիտենք, որ ավելի լավ տեղ պիտի հանգչի, շատ պդդած է, շատ երկիրներ տեսած է, հոգնած է, ինքը ինձի կարծես խոսեցավ՝ երթամ ննջեմ զիմ Հայասատան, զիմ Երեւան, մտիկ ըրի այդ ձայնին, շատ մեծ ուրախությամբ բերեցինք Հայաստան»,-ասաց նվիրատուն:

Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանը, շեշտելով, որ  հայկական ամեն ձեռագիր խաչաձեւվում է հայ ժողովրդի պատմության հետ, մի վանքի կամ մի գերդաստանի պատմություն ներկայացնում, անդրադարձավ Երուսաղեմի Ավետարանի շուջ 500-ամյա պատմությանն ու անցած դժվար ճանապարհին:

«Դադայան գերդաստանը սերում է Արեւմտյան Հայաստանի խարբերդի վիլայեթի Չարսանջակ գավառից: Երբ գյուղի բնակիչներին տարահանել են, 1918 գարնանը տիկին Եղսան՝ նվիրատուների տատիկը, տեղից տեղ անցնելով, 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից օրեր առաջ Երեւան է հասնում: Եղսան չի կարողանում անտարբեր մնալ հայրենակիցների նկատմամբ, այցելում է հիվանդանոցներ: Մի հայի է հանդիպում, որի անունը չի պահպանվել, ձեռագիրը նրա մոտ է գտնվել: Երբ վերմակ է տարել հիվանդի համար, վերջինս ձեռագիրը հանձնել է Եղսային, մինչեւ ապաքինվի, բայց մահացել է, եւ գրքի պահպանությունը ստանձնել է տիկին Եղսան»,- պատմեց Վարդի Քեշիշյանը՝ հավելելով, որ պահպանողը գիրքը նախ Ֆրանսիա է տարել, ապա՝ Ամերիկա, իր մահից հետո գիրքը ժառանգել է տղան՝ Ջոնը, իսկ 1990 թվականին՝ զավակները՝ Հռիփսիմե եւ Հրայր Դադայանները, նրանց միահամուռ որոշումով այն հանձնվեց Մատենադարանին: 

Նա նաեւ հավելեց, որ նվիրատուն՝ տիկին Հռիփսիմեն, ավելորդ է համարել նույնիսկ գրքի արժեքի մասին խասելը. Նրա միակ պահանջն ու խնդրանքն է եղել աչքի լույսի պես պահել Ավետարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ