Գյումրու թիվ 38 դպրոցում նախկին տնօրենի աջակիցների եւ ներկայիս տնօրենի միջեւ կրքերը չեն հանդարտվում: Դպրոցում արդեն 1 տարի 8 ամիս տնօրենի պաշտոնում աշխատող Արփինե Կիրակոսյանը NEWS.am-ին պատմեց, որ իրեն գրեթե 2 տարի չի հաջողվում կարգուկանոն հաստատել եւ բնականոն կերպով կրթական պրոցեսը կազմակերպել:
«Մի սարսափելի նախկին տնօրեն ունենք՝ կոռուպցիայի մեջ թաթախված, դպրոցը պարտքերի մեջ կորցրած, եւ նա մինչեւ հիմա չի թողնում, որ հանգիստ աշխատենք, հնար չկա: Հիմա դպրոցում աշխատում են նրա աղջիկն ու տեգոր աղջիկը, իր ընկերուհի փոխտնօրենն ու եւս երկու ընկերուհիները: 5 հոգին 50 հոգանոց կոլեկտիվից բոյկոտում են ամբողջ դպրոցի աշխատանքը: Իրենք սարսափելի լաչառությամբ ոչինչ թույլ չեն տալիս անել մյուս ուսուցիչներին, նույնիսկ ուսուցչանոցում մի աթոռ տեղափոխել: Ասում են՝ 20 տարի մենք ենք ասել էս դպրոցում, էդ էր պակաս, հըմի դուք կարողանայիք ինչ-որ բան փոխեիք»,- ասաց տնօրենը:
Տնօրենի խոսքով՝ իրեն չի հաջողվում որեւէ բան փոխել կրթական պրոցեսում, առաջ քաշել երիտասարդ կադրերի. «Լացացնում են, ծաղրուծանակի ենթարկում ամենավերջին ձեւով: Ինչ-որ մի բան, եւ ես ոստիկանությունում եմ հայտնվում, արդեն 3 քրեական գործով եմ անցնում, մի սարսափելի պատմություն»:
Արփինե Կիրակոսյանը նշեց, որ դիմել է մարզպետին, սակայն վերջինն ասել է, թե աթոռակռիվ են անում:
«Ես հիմա էլ պատրաստ եմ դուրս գալ, բայց էն 45 ուսուցիչներին ի՞նչ անեմ, որոնք հավատացել են նոր կարգերին, նոր աշխատելաոճին: Նոր վարչապետին եւ կրթության նախարարին էլ եմ դիմել, բայց հնար չկա: Հիմա դիմում եմ Կրթության եւ գիտության նախարարին, որ դպրոցում կարգուկանոն հաստատի»,- պատմեց դպրոցի տնօրենը:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ իրենք իրենց ուժերով վերանորոգել են ուսուցչանոցը, ճաշարանը, բայց դա էլ է զայրացրել «ընդդիմադիրներին», սկսել են բողոքել, թե ինչ իրավունքով են վերանորգում արել:
Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենը փաստում է, որ ստեղծված պայմաններում այլեւս հնարավոր չէ աշխատել: Արփինե Կիրակոսյանը պատմեց, որ տարիներ շարունակ խախտել է աշխատողների իրավունքները, արձակուրդ չի հատկացրել, խլել է սոցփաթեթները եւ աշխատավարձերից պահումներ արել:
Նշենք, որ նախկին տնօրենը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Գոհարիկ Շահբազյանն է եղել:





























