News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզային համակարգողները բողոքում են, որ ՊՈԱԿ-ում կատարվում են անարդարություն եւ անօրինականություն, որի արդյունքում 14 մարդու անհիմն ազատել են աշխատանքից:

NEWS.am-ին ուղղված նրանց նամակում նշվում է. «Ձեզ են դիմում «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի մարզային համակարգողներ՝ Հ․ Սահակյանը, Կ․ Հակոբյանը, Ա․ Գրիգորյանը եւ Հ․ Սարգսյանը։ ՊՈԱԿ-ում կատարվում են անարդարություն եւ անօրինականություն։

Նորանշանակ տնօրեն Արման Գեւորգյանը, ով նախկինում ղեկավարել է այն, նախորդ տնօրեն՝ Կարեն Միրզոյանի նկատմամբ վրեժխնդրությամբ պայմանավորված, սկսել է Միրզոյանի օրոք աշխատանքի ընդունված կադրերի ջարդ, առանց հաշվի առնելու  կատարված աշխատանքն ու առժանիքները։

Քանի որ ՊՈԱԿ-ը առնչվում է պետական անվտանգության հետ եւ նման կառույցում անթույլատրելի է անօրինականության որեւէ դրսեւորում մենք պահանջում ենք Արման Գեւորգյանի լիազորությունների կասեցում եւ ծառայողական քննության անցկացում»:

NEWS.am-ի հետ զրույցում Արարատի մարզային համակարգող Հովհաննես Սահակյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն 14 մարդու ասել են, որ նոյեմբերի 5-ից նրանց հետ պայմանագիրը լուծվում է:

Նրա խոսքով, բանն այն է, որ Արման Գեւորգյանը նախկինում զբաղեցրել է այդ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, սակայն 2-3 տարի առաջ ազատվել է եւ նրա փոխարեն տնօրեն է նշանակվել Կարեն Միրզոյանը: Վերջինս բավական աշխատանք է կատարել, նորոգել է լաբորատորիաները, համալրել է սարքավորումներով, նոր կադրեր ընդունել, բայց թավշյա հեղափոխությունից հետո չի ցանկացել աշխատել եւ հրաժարական է տվել, քանի որ իրեն նշանակել էր ՍԱՊԾ նախկին պետ Իշխան Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Արման Գեւորգյանին, վերջինս կառույցի տնօրեն նշանակվելուց հետո տարբեր պատճառաբանություններով փորձում է ազատվել Կարեն Միրզոյանի բոլոր կադրերից. «Երկու ամիս առաջ կանչեցին ասացին, որ զգուշացում պետք է ստորագրեք, հաստիքների կրճատման մասին: Մենք մտածեցինք, որ վերակազմակերպման հետ է կապված, ստորագրեցինք: Իսկ արդեն մեկ շաբաթ առաջ ասացին, որ նոյեմբերի 5-ից մեր պայմանագիրը լուծվում է: Ասում են, որ հաստիքը կրճատվում է, նոր հաստիքներ են սահմանում, բայց այնպիսի պահանջներ են դնում, որ ոչ ոք չանցնի:

Մենք ասացինք, որ չենք ստորագրում, պայքարելու ենք: Դեռ հոկտեմբերի 5-ին դիմում ենք ուղարկել վարչապետին, սակայն դեռ պատասխան չկա: Երկու օր առաջ դիմել ենք նաեւ Պետական վերահսկողական ծառայություն, որտեղից ասել են՝ մեկ շաբաթում կարձագանքեն»,-ընդգծեց Հովհաննես Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ