Արարատի մարզի Ավշար համայնքում և Արարատ քաղաքում սպասվում են հեռախոսակապի և ինտերնետի խափանումներ: Այդ մասին ասվում է Beeline-ի պաշտոնական կայքում: NEWS.am–ը փորձեց ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ ընկերությունից խնդրի մասին: Մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ բազային կայանի հոսանքազրկման պատճառով հազարավոր բաժանորդներ կարող են խնդիրներ ունենալ կապի հետ, թեև դեռ կայանի աշխատանքը ապահովվում է սնուցման մարտկոցների շնորհիվ:
Նաև նշեցին, որ ընկերությունը փորձում է հարցին շուտափույթ լուծում գտնել և արդեն տևական ժամանակ բանակցություններ են տարվում համայնքի ղեկավարության հետ:
Փորձեցինք «վթարի» մասին որոշակի տեղեկություններ ճշտել Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և զանգահարեցինք նրան։
Նա նախ հորդորեց իրեն զանգահարել աշխատանքային ժամի, ապա հրավիրեց Ավշար՝ «տարածքում լիարժեք տիրապետելու իրավիճակին»։ Ասացինք, վաղը՞ գանք, պատասխանեց՝ միայն աշխատանքային օր, այսինքն՝ երկուշաբթի (վաղը շաբաթ է)։ Նշեցինք, որ բազային կայանի հարցն ենք ցանկանում պարզել, որը հանրային նշանակության ծառայություն է մատուցում ամեն վայրկյան, բայց գյուղապետն անհողդողդ էր։
«Աշխատանքից դուրս խոսելու բան չունեմ ձեզ հետ։ Գործնական հարցերը աշխատանքից դուրս ինձնից մի ճշտեք», - ասաց համայնքապետը:
«Որ գաք գյուղ, իրական վիճակը կտեսնեք ու կհասկանաք։ Եթե խնդիր կա, համապատասխան մարդիկ թող խոսան, պատասխան ստանան։ Պայմանագրի ժամկետը լրացել է, խնդիրները բարձրացվել են իրենց համար ու իրենք չարաշահում են ամեն ինչ»,– ասաց Սուրիկ Գրիգորյանը։
Փորձեցինք ճշտել, թե մասնավորապես ի՞նչ է չարաշահել ընկերությունը, նա չմանրամասնեց։
Երբ ուղիղ հարց տվեցինք, թե արդյոք ի՞նքն է դիմել ՀԷՑ–ին՝ կայանը հոսանքազրկելու համար, Սուրիկ Գրիգորյանը հունից դուրս եկավ, զայրացավ ու հորդորեց գալ համայնք՝ խնդիրը տեղում հասկանալու համար։
Համայնքի ղեկավարը հրաժարվեց հայտնել նաեւ, թե պայմանագրով ինչքան գումար էր վճարում Beeline-ը համայնքային բյուջե եւ ներկայումս ինչ պահանջ է ներկայացնում համայնքն ընկերությանը։
«Ցտեսություն, հաջողություն, բարի գիշեր»,– ասաց Սուրիկ Գրիգորյանն ու առանց սպասելու անջատեց հեռախոսը։
Նշենք, որ Սուրիկ Գրիգորյանը բնապահպանության նախկին նախարար, Արամայիս Գրիգորյանի և նրա եղբայր պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ «Ավշարի Արայիկի»ազգականն է։ Հավաստի աղբյուրների համաձայն Ավշարի գյուղապետը բազային կայանի հոսանքը անջատել է տվել պայմանագրի գործողության ժամկետում ևս։




























