News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դատական իշխանության հասցեին հնչեցված ցանկացած անհարկի հայտարարություն կարող է խախտել ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված՝ դատական իշխանության և դատարանի անկախության հիմնադրութային սկզբունքի անշեղ կենսագործումը, ինչն ուղղակիորեն վտանգի տակ կարող է դնել պետության ժողովրդավարական, սոցիալական և իրավական կարգավիճակը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը։

Նրա գրառման մեջ, մասնավորապես ասված է․

«ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Նշված հիմնադրութային իրավանորմը սահմանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տիպը և կառավարման ձևը, այլև քաղաքական ռեժիմը, ըստ որի այն հանդիսանում է ժողովրդավարական և իրավական պետություն:

Հայաստանի Հանրապետության ժողովրդավար բնույթն ապահովվում է պետական մարմինների ձևավորման մեջ ժողովրդի անմիջական և ներկայացուցչական մասնակցությամբ, ինչպես նաև պետության հրապարակային իշխանության՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության թևերի տարանջատմամբ:

ՀՀ Սահմանադրության չորրորդ հոդվածի համաձայն, պետական իշխանությունն իրականացվում է սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ համատեքստում դատական իշխանությունը հանդես է գալիս որպես պետության իրավական բնույթն ու բովանդակությունը երաշխավորող և դրա կենսագործունեությունը ապահովող սահմանադրաիրավական ,,անկյունաքար,,:

Սահմանադրությամբ տրված նշված առաքելությունն իրականացնելու համար դատական իշխանությունն օժտված է պետության կողմից պատվիրակված բացարձակ ինքնավարությամբ, որի դրսևորման հիմքում ընկած է դատական իշխանությունն իրականացնող պետական մարմնի՝ դատական համակարգի ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունը: ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Դատական իշխանության, ինչպես նաև այդ իշխանությունը կրող պետական մարմնի՝ դատարանի անկախության և միայն օրենքին ենթարկվելու հրամայական պահանջն ամրագրված է նաև ՄԱԿ-ի ,,Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների մասին,, 1985 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունված կոնվենցիայի առաջին հոդվածում, որի համաձայն ,, Դատական մարմինների անկախությունը երաշխավորվում է պետության կողմից և հաստատվում է Սահմանադրությունում կամ երկրի օրենքներում: Բոլոր պետական և այլ հիմնարկները պարտավոր են հարգել և պահպանել դատական մարմինների անկախությունը,,: Դատական իշխանության անկախությունը, որպես իրավական պետության գոյության ռահվիրան, ամրագրված է նաև Եվրոպական Խորհրդի մի շարք ղեկավար փաստաթղթերում: Դրանցից թերևս կարելի է առանձնացնել ,, Դատավորների անկախության, արդյունավետության և դերի մասին,, Եվրոխորհրդի Նախարարների Կոմիտեի 2010թվականին լրամշակված 1994 թվականի հանձնարարականը, ,, Դատավորների կարգավիճակի մասին,, 1998 թվականին ընդունված եվրոպական խարտիան, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական Խորհրդի/ԵԴԽԽ/ 2001 թվականի ,,Դատական իշխանության անկախության և դատավորների անփոփոխելիության չափորոշիչների մասին,, թիվ 1 եզրակացությունը, նույն միջազգային իրավական մարմնի կողմից 2010 թվականին ընդունված MAGNA CARTA OF JUGES/ դատավորների մագնա կարտա-հիմնարար սկզբունքները/: Մասնավորապես նշված մարմնի 2001 թվականի եզրակացության 10-րդ կետի համաձայն, ,,--- դատական իշխանության անկախությունն իրավունքի գերակայության նախապայման է և արդար դատավարության հիմնարար երաշխիք--,,: Զարգացնելով դատական իշխանության առանցքային դերակատարությունը ժողովրդավար պետությունում, նույն եզրակացության 11-րդ հոդդվածում ամրագրված է, որ ,,-- դատական իշխանությունը ժամանակակից ժողովրդավարական պետության երեք կարևոր և հավասարազոր հենասյուներից մեկն է: Այն կարևոր դեր և գործառույթներ է կատարում իշխանական մյուս երկու թևերի հետ հարաբերություններում: Այն ապահովում է, որ կառավարությունները և վարչական ապարատը հաշվետու լինեն իրենց գործողությունների համար: Օրենսդրի առնչությամբ՝ այն ներգրավված է պատշաճ ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու գործում: Առավել կամ պակաս չափով այն ապահովում է նաև, որ այդ օրենքները համահունչ լինեն համապատասխան սահմանադրությանը կամ բարձրագույն ուժ ունեցող օրենքին (օրինակ՝Եվրոպական միության իրավունքին): Իր այս գործառույթը կատարելու համար դատական իշխանությունը պետք է անկախ լինի այդ մարմիններից, այդ թվում՝ պետք է զերծ լինի նման մարմինների հետ ոչ պատշաճ կապերից կամ նրանց ազդեցությունից: Ուստի անկախությունը հանդես է գալիս որպես անաչառության երաշխիք,,:

Դատական իշխանության հասցեին հնչեցված ցանկացած անհարկի հայտարարություն կարող է խախտել ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված՝ դատական իշխանության և դատարանի անկախության հիմնադրութային սկզբունքի անշեղ կենսագործումը, ինչն ուղղակիորեն վտանգի տակ կարող է դնել պետության ժողովրդավարական, սոցիալական և իրավական կարգավիճակը:

Դատարանի նկատմամբ հանրային վստահության հիմքում հարկ է ներդնել ոչ թե կոնկրետ մասնավոր պահանջով ցանկալի բավարարում ստանալու ակնկալիքը, այլ, անկախ այդ պահանջի լուծման արդյուքնից, իրավունքի գերակայության ապահովումը:

Ի վերջո, հարկ է հաշվի առնել, որ դատական իշխանության անկախությունը ոչ թե դատարանի իրավունքն է, այլ արդարադատության ապահովման ժողովրդի երաշխիքը»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը։ Նույն օրը վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։ Գործադիրի ղեկավարը նշեց, որ ՄԻԵԴ-ի որոշումներով հաստատված կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն: Պետք է հրաժարական տան նաեւ բոլոր դատավորները, որոնք գիտեն, որ չեն կարող լինել անաչառ։ Նա ընդգծեց նաեւ վեթինգի կիրառման անհրաժեշտության մասին։

 

 

 

Տպել
Ամենաշատ