«Մարտական համագործակցություն-2011» վարժանքներն անցկացվում են Ռուսաստանի Աստրախանի մարզի Աշուլուկ եւ Ղազախստանի Սարը-Շագան պոլիգոններում` 2 հազար զինծառայողների, 50 ինքնաթիռների եւ ՀՕՊ 25 ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ինչպես Ինտերֆաքս-ԱՎՆ»-ին հայտնել է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Վլադիմիր Դրիկը, առաջին փուլի ընթացքում, որն իրականացվելու է օգոստոսի 3-ից 7-ը, մշակվելու են ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերում մարտական պատրաստվածության հարցերը:
Երկրորդ փուլը կայանալու է մինչեւ սեպտեմբերի 5-ը: Երրորդ փուլը կայանալու է սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 5-ը` երկու փուլով: Առաջինը` Աշուլուկ պոլիգոնում, եւ նախատեսում է Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ռազմաօդային ուժերի համատեղ օգտագործում հակաահաբեկչական գործողություններում, սահմանամերձ զինված հակամարտություններում: Մշակվելու է կոալիցիան խմբավորման կազմում մարտական գործողությունների իրականացումը:
Վարժանքներին հետեւելու են Ադրբեջանի, Մոլդովայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի ներկայացուցիչները, իսկ ակտիվ փուլին ներկա կգտնվեն Ալժիրի, Հնդկաստանի եւ Սիրիայի ներկայացուցիչները:



























