Հունիսի 17-ից ակտիվ աշխատանքներ են կատարվում «Բջնի» հանքային ջրերի գործարանը վերագործարկելու նպատակով: «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիկչյանը հայտնել է, որ իրականացվել են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ՝ շտկելու ստեղծված վատ վիճակը: Չիկչյանը նաեւ հայտարարել է, թե ձմռանն արտադրամասերի ջեռուցման բացակայության պատճառով շարքից դուրս են եկել հոսքագծերը, օդամղիչները եւ հանքային ջուր մատակարարող մղիչները: Շուտով ընկերությունը կթողարկի պատրաստի արտադրանք: Ներկայում ընկերությունն արդեն ծավալում է բնականոն գործունեություն. այս պահին ընկերությունում աշխատում է 46 մարդ:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009թ. ապրիլի 6-ի վճռով «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն ճանաչվել էր սնանկ: Վճիռը ուժի մեջ է մտել 2009թ. հունիսի 17-ին:

Ի դեպ, ՍԻԼ կոնցեռնից NEWS.am-ին տեղեկացրին, որ իրենց ընկերությունը կապ չունի այդ ամենի հետ, «դրա համար էլ ոչինչ չենք կարող ասել»: «Բջնիի» վերագործարկումից տեղյակ չէին նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, որը ժամանակին համակարգում էր «Բջնիի» դեմ իրականացվող գործողությունները: