Մոլդովայի խորհրդարանում ավարտվել է երկրի նախագահի ընտրությունների քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Նովոստի-ՄՈԼԴՈՎԱ» գործակալությունը, երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող միակ թեկնածուին՝ Մարիան Լուպուին, չի հերիքել ընդամենը 8 ձայն: Նրա թեկնածությունը պաշտպանել են 53 պատգամավորներ՝ պահանջվող 61-ի փոխարեն: Նրանք ներկայացնում են կառավարող «Եվրոպական ինտեգրման համար» ազատական դաշինքը, որ խորհրդարանում աննշան առավելություն ունի:

NEWS.am-ը հիշեցնում է, որ երկրի նախագահ ընտրելու Մոլդովայի խորհրդարանի վերջին փորձը դատապարտված էր ձախողման, քանի որ ընդդիմադիր Կոմունիստական կուսակցությունը միահամուռ որոշում կայացրեց չպաշտպանել Լուպուին: Այժմ երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայ Գիմպուն ստիպված է ցրել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել:

Ի դեպ, կառավարող դաշինքն արդեն սկսել է ճաքեր տալ: Դեմկուսի պատվավոր նախագահ Դումիտրու Դյակովը, որի թեկնածուն էլ հենց Մարիան Լուպուն էր, հայտարարել է, թե ՄԴԿ-ն դուրս է գալիս դաշինքից եւ ինքնուրույն է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: