«Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ հետաքրքիր զարգացումներ են նկատվում։ Այդ երկրի իշխանությունները, դատելով ամենից, որոշել են մասնագիտանալ արտասահմանյան հեռուստաընկերություններին բողոքի նոտա հղելու գործում՝ ջանալով նրանց վզին փաթաթել իրենց դիրքորոշումներն ու աշխատելաոճը»։ Այս մասին հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Արտակ Ներսիսյանը։
«Բաքվում, երեւում է, չեն հասկանում, որ քաղաքակիրթ երկրներում ԶԼՄ-ները նավթի կարիք չունեն, այլ միայն հետաքրքիր նյութերի,- „Day.az“-ի մասին իր հայտարարության մեջ նշել է Euronews-ի գլխավոր խմբագիր Պիտեր Բարաբասը։ Ադրբեջանի կողմից ներկայացվող տեղեկատվության միջոցով Բաքուն ջանում է միջազգային հանրությանը մեկուսացել ղարաբաղյան հակամարտության մասին ճշգրիտ տեղեկատվությունից՝ վախենալով, որ արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդումները կարող են դիմակազերծել Ադրբեջանի կեղծ քաղաքականությունը՝ բավարարելով հասարակ ադրբեջանցիների՝ ԼՂՀ-ում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու ցանկությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով, «տեսնելով, որ անհիմն բողոքները նպատակին չեն հասնում, Բաքվում սպառնում են եթերից զրկել այդ հեռուստաալիքներին»։
«Նմանօրինակ քաղաքականություն արդեն կիրառվել է „մեծ եղբայր“ Թուրքիայի տարածքում գործող „NTV“ հեռուստաալիքի հանդեպ։ Եթե այսպես շարունակվի, ապա կստեղծվի մի իրավիճակ, երբ Ադրբեջանի քաղաքացիները զրկված կլինեն ինչ-որ բան դիտելուց, բացի տեղական ալիքներից, որոնք լցված են ստով եւ Ադրբեջանի „դարավոր“ պատմության մասին լեգենդներով, ապատեղեկատվությամբ, թե ԼՂ-ն պատմականորեն Ադրբեջանին է պատկանում եւ այլն։ Սա, սակայն, քիչ է հուզում ադրբեջանական իշխանություններին, քանի որ նրանք վաղուց ջայլամի քաղաքականություն են վարում»,- եզրափակել է Արտակ Ներսիսյանը։




























