Zeekr ավտոգործարանի հարահոսից ամեն րոպե մեկ էլեկտրական մեքենա է դուրս գալիս, ասել են գործարանի ներկայացուցիչները լրագրողներին, որոնք այցելել էին գործարան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բարիդրացիության, բարեկամության և համագործակցության չինական կոմիտեի կազմակերպած մեդիա-շրջագայության շրջանակում։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի Չժեցզյան նահանգի Նինբո քաղաքում գտնվող Zeekr խելացի ավտոգործարանի նախագծային հզորությունը կազմում է տարեկան մինչև 300 հազար ավտոմեքենա։ Իսկ Geely Holding Group-ը, որի կազմի մեջ է մտնում Zeekr գործարանը, տարեկան արտադրում է մոտ 4 մլն ավտոմեքենա։

Zeekr-ում արտադրության ավտոմատացման մակարդակը տպավորիչ է։ Թեև «ավտոմատացում» բառը, հավանաբար, արդեն հնացել է այստեղ տեղի ունեցող գործընթացը նկարագրելու համար։ Այնտեղ, որտեղ դա հնարավոր է, աշխատանքը կատարում են արտադրական ռոբոտները, դրանց աշխատանքին հետևելը շատ հետաքրքիր է։ Դրանց ներդաշնակ աշխատանքն էլ հենց այդքան արագացնում է հավաքման գործընթացը։ Պատվիրատուն կարող է ընտրություն կատարել հավաքման մի քանի տարբերակներից և պատվերը հաստատվելուց հետո մեքենան կարող է ստանալ արդեն երկու շաբաթ անց։
Zeekr-ը «ապագայի գործարաններից» մեկն է, որտեղ բոլոր արտադրական հարթակները ի սկզբանե ստեղծվել են 3D թվային մոդելի կիրառմամբ։

Ձեռնարկության տարածքում գործում են թվային կապի ավելի քան երկու հազար հանգույցներ, որոնք միավորում են արհեստական բանականության, արդյունաբերական ինտերնետի և տվյալների վերլուծության համակարգերը։ Նման ենթակառուցվածքը ապահովում է տեղեկատվության անընդհատ փոխանակում իրական ժամանակում և բոլոր բիզնես-գործընթացների ամբողջական ինտեգրում՝ նախագծումից մինչև հավաքում։ Արդյունքում՝ արտադրությունը դառնում է ավելի ճկուն, իսկ կառավարումը՝ թափանցիկ, ինչը դրականորեն է ազդում թե՛ արտադրանքի որակի, թե՛ ընդհանուր արդյունավետության վրա։ 2025 թվականին գործարանը ստացել է «Ազգային կանաչ ձեռնարկություն» կարգավիճակը։

Արտադրական համալիրը ներառում է հինգ հիմնական արտադրամաս՝ ճնշման տակ ձուլման, դրոշմման, եռակցման, ներկման և վերջնական հավաքման։ Էքսկուրսիաների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվում է ցուցասրահին և հավաքման արտադրամասին։ Ցուցադրությունը ներկայացնում է ընկերության մոտեցումը էկոլոգիական և խելացի արտադրությանը․ այստեղ ներկայացված են ռեսուրսների կրկնակի օգտագործման լուծումներ, ներառյալ ջերմության վերականգնումը, ջրի մաքրումն ու կրկնակի կիրառումը, ինչպես նաև արևային էներգիայի օգտագործումը։

Բացի այդ, սրահում կարելի է տեսնել արտադրության հիմքում ընկած թվային տեխնոլոգիաները, ինչպիսիք են «թվային երկվորյակ» համակարգը և C2M մոդելով անհատականացված հավաքումը։ Առանձին շեշտադրվում են ընկերության առանցքային մշակումները՝ 800 վոլտանոց ճարտարապետությամբ SEA մոդուլային հարթակ, ամբողջաձույլ ալյումինե հետնաթափքի մաս, երկշարժիչ ուժային համակարգեր, սիլիցիումի կարբիդի հիմքով էլեկտրաշարժիչներ, «Brick Battery» ձևաչափի մարտկոցներ և ընթացքի պաշարի մեծացման ու անվտանգության բարձրացման լուծումներ։
Հավաքման արտադրամասը, որը զբաղեցնում է մոտ 120 հազար քառակուսի մետր տարածք, արտադրության եզրափակիչ փուլն է և միաժամանակ գործընթացների կազմակերպման տեսանկյունից՝ ամենաբարդը։ Այն բաժանված է լոգիստիկայի, մոնտաժի և թեստավորման գոտիների և կարող է միաժամանակ արտադրել հինգ տարբեր ավտոմեքենայի մոդել։ Այստեղ ներդրված են ավտոմատացման, ճկունության և լիարժեք ժամանակակից սկզբունքներ։ Արտադրամասում կարելի է տեսնել, թե ինչպես են տեղադրվում ավտոմեքենայի առանցքային տարրերը՝ էլեկտրալարերից և անիվներից մինչև նստելատեղեր, ապակիներ և այլ բաղադրիչներ։




























