Շվեդիայի եւ Նորվեգիայի մայրաքաղաքներում այսօր՝ դեկտեմբերի 10-ին կայանալու է 2009թ Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:
Պարգեւատրման արարողությունը կայանալու է Շվեդիայի մայրաքաղաքի Համերգային սրահում, մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա Նոբելյան դիպլոմը, մեդալն ու փաստաթուղթ, որը վկայում է մրցանակակրին մոտ մեկ միլիոն եվրո գումարի հանձնման փաստը՝ Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավի ձեռքից:
Նոբելյան 5 մրցանակներից 4-ը (գրականություն, բժշկություն կամ ֆիզիոլոգիա, քիմիա եւ ֆիզիկա) հիմնադրի կամքով հանձնվում են Ստոկհոլմում, եւ միայն մեկը՝ խաղաղության մրցանակն է հանձնվում Օսլոյում: Հիշեցնենք, որ այս տարի այդ մրցանակին արժանացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահն իր կնոջ՝ Միշելի հետ կժամանի Նորվեգիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Նորվեգիայի թագավորի եւ վարչապետի հետ:
Օբամայի ելույթը, ինչպես գրում է The Wall Street Journal-ը, խոստանում է սենսացիոն ինչ-որ բան լինել:
ԱՄՆ նախագահը, ինչպես հաղորդում է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, մտադիր է ուշադրություն հրավիրել այն անհամապատասխանության վրա, որ խաղաղության մրցանակ են հանձնում Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողություններ վարող երկրի նախագահին:




























