ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը նախկինում որդեգրել էր արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանը չմիջամտելու քաղաքականություն, այժմ դիտարկում է ԱԲ նոր մոդելների ստուգման գործընթաց ներդնելու հնարավորությունը։ Այս մասին մայիսի 5-ին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների շրջանում իր աղբյուրներին։
«Վարչակազմը քննարկում է ԱԲ հարցերով աշխատանքային խմբի ստեղծման մասին գործադիր հրամանագիր արձակելու հնարավորությունը, որը կմիավորի տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին և պետական պաշտոնյաներին՝ վերահսկողության հնարավոր ընթացակարգերն ուսումնասիրելու համար։ Հավանական ծրագրերի թվում է ԱԲ նոր մոդելների պետական ստուգման պաշտոնական գործընթացի մշակումը»,- ասվում է հոդվածում։
Հաղորդվում է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները տեղեկացրել են Anthropic, Google և OpenAI ընկերություններին վերահսկողության սահմանման հնարավոր տարբերակների մասին։ Այդուհանդերձ, ոչ նախագահի վարչակազմում, ոչ էլ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների շրջանում չկա միասնական կարծիք նման որոշման արդյունավետության վերաբերյալ, հայտնում է թերթը։ Շատերը մտավախություն ունեն, որ չափազանց մեծ պետական վերահսկողությունը կդանդաղեցնի ամերիկյան նորարարությունները՝ Չինաստանի հետ մրցակցության պայմաններում։
Թրամփի՝ ԱԲ-ի նկատմամբ քաղաքականության կտրուկ փոփոխությունը պայմանավորված է այն սպառնալիքների շուրջ հանրային անհանգստության աճով, որոնք նոր տեխնոլոգիաները ներկայացնում են աշխատատեղերի, էներգակիրների գների, կրթության, գաղտնիության և բնակչության հոգեկան առողջության համար, նշվում է հոդվածում։





























